«Առագաստ» սրճարանի զուգարանում 21 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի դատաբժշկական նոր եզրակացությունն է. դատախազության համոզմամբ՝ նախորդը կեղծ է եղել: Եթե նախկինում փորձագետները պնդել էին, թե Պողոսյանի գանգուղեղային վնասվածքը հնարավոր է առաջանար վայր ընկնելու և գլուխը զուգարանակոնքին հարվածելու հետևանքով, նոր նշանակված փորձաքննությամբ այդ տեսակետն ամբողջությամբ հերքվել է:
Ծովակ Մնացականյան (Երևանի դատախազության ավագ դատախազ) - Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ դեռևս 2001 թվականին դիակի և տեղանքի զննում կատարելու արձանագրության մեջ արձանագրված մարմնական վնասվածքներն ամբողջությամբ տեղ չեն գտել դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Ջավախահայ Պողոս Պողոսյանը սպանվել էր 2001 թվականին« Առագաստ» սրճարանում, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Շառլ Ազնավուրի այցի ժամանակ: Պողոսյանը բարևել էր Քոչարյանին՝ «բարև, Ռոբիկ ասելով», ինչից հետո երկրորդ նախագահին ուղեկցող թիկնապահները նրան տարել էին սրճարանի զուգարան ու ծեծել, ինչի հետևանքով էլ 43-ամյա տղամարդը մահացել էր:
Գործը վերաբացվեց 2019-ին՝ դեպքի ականատես, բրիտանացի Սթիվեն Նյուտոնի բողոքից հետո։ Այն, ինչ պատմել էր Նյուտոնը 2019-ին, պնդել էր նաև 2002-ին՝ հեռավար ցուցմունքի ժամանակ, դատարանը, սակայն, հրաժարվել էր նրա ցուցմունքը գործին կցել՝ պատճառաբանելով, թե այն պատշաճ կարգով հաստատված ու վավերացված չէ։ Դեպքից 18 տարի անց դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ գործը նոր քննության ուղարկելու միջնորդությամբ, ինչը բավարարվել էր, և գործն այժմ առաջին ատյանի դատարանում է:
Հայկ Խաչատրյան (մեղադրող դատախազ) - Քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում:
Վերաբացված գործի շրջանակում նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Պողոսյանի վնասվածքների առաջացման պատճառներն ու մեխանիզմները: 2001-ին մարմնի զննության արձանագրությամբ նշվել էին բազմաթիվ վնասվածքներ, որոնց մի մասը, սակայն, դատաբժշկական եզրակացությունում տեղ չէր գտել:
Ծովակ Մնացականյան - Դեռևս 2001 թվականին տրամադրված դատաբժշկական փորձաքննությունից հետո նշանակված լրացուցիչ փորձաքննությամբ, երբ փորձագետներին հարց էր առաջադրվել, թե Պողոս Պողոսյանի մահը արդյոք հնարավո՞ր էր առաջանար մարմնի սեփականի հասակից կամ այլ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, փորձագետները նշել էին, որ, այո՛, հնարավոր է, և մահվան առաջացման մեխանիզմը չէր բացառվել: Նոր երևան եկած հանգամանքներով նշանակված հանձնաժողովային փորձաքննությամբ նշված վարկածը ամբողջությամբ բացառվեց:
Փորձագետները այժմ նշել էին, որ անգամ հրելու դեպքում այդպիսի վնասվածքների առաջացումը հնարավոր չէր:
Ծովակ Մնացականյան - Փորձագետները նշել են նաև, որ Պողոս Պողոսյանի դիակի վրա առկա վնասվածքները, ի թիվս այլի՝ նաև գանգուղեղային վնասվածքը պատճառ են բութ, կոշտ առարկաների ուղղակի ներգործության, որպիսի պայմանները ևս եկան վարույթն իրականացնող մարմնի մոտ այն համոզման ձևավորման, որ վայր ընկնելու հետևանքով նման վնասվածքներ առաջանալ չէին կարող:
Հարցին՝ արտաշիրիմում անելու անհրաժեշտություն առկա՞ է, դատախազն ասաց՝ քննությունը ցույց կտա:
Ծովակ Մնացականյան - Եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, ես՝ որպես դատախազ, դա ոչ կարող եմ բացառել և ոչ էլ կարող եմ հաստատել:
Իրավապահների բնորոշմամբ՝ կեղծ այս եզրակացությունն է 20 տարի առաջ դրվել Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանի դատավճռի հիմքում: Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ոչ թե դիտավորյալ, այլ՝ անզգույշ սպանության համար և դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման՝ մեկ օր անգամ չանցկացնելով անազատության մեջ:
Հարությունյանի պաշտպանը «Լուրերի» հետ զրույցում անհիմն որակեց նոր վարույթի նախաձեռնումը:
Ռոբերտ Բեջանյան (Աղամալ Հարությունյանի պաշտպան) - Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախկինում կայացրած փորձագետի եզրակացությունը ակնհայտ կեղծ չի, հետևաբար դատախազությունը չէր կարող այս փորձաքննությունը ակնհայտ կեղծ լինելու հիմքով վարույթ նախաձեռնել:
Մինչդեռ մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը նշում է՝ Վերաքննիչը դատարանը հետազոտությունը կեղծ լինել-չլինելու հարց չի էլ քննարկել, սակայն դա չի նշանակում, որ դատախազության պնդումն անհիմն է: Որ եզրակացությունը կեղծ է, դեռ 21 տարի առաջ պնդում էին տուժողի հարազատները:
Սամվել Պողոսյան (Պողոս Պողոսյանի եղբորորդի) - Ի սկզբանե պարզ էր, որ դա բացահայտ կեղծիք է, կային նկարները նաև, և այդ հարցը հայրս բազմիցս բարձրացրել է, բայց, ինչպես գիտեք, փաստերը հաշվի չառավ դատարանը, և այն ժամանակի դատավոր, դատախազ, քննիչներ համատեղ կոծկեցին այս գործը: Բժիշկների տված եզրակացությամբ մարդն ընկնելուց է մահացել, այն դեպքում, երբ որ ամբողջ մարմնի վրա մի քանի տասնյակի հասնող կապտուկներ էին, այդ թվում՝ գլխի վրա կար նաև ատրճանակի կոթի հետք:
Որ բութ, կոշտ առարկան կարող էր ատրճանակի կոթը լինել, հաստատում է նաև դատախազությունը:
Հայկ Խաչատրյան - Մենք ունենք տվյալներ նույնիսկ ատրճանակի կոթով հարվածելու վերաբերյալ, բնականաբար այդ մասով ևս հետազոտվել են ապացույցները:
Տուժող կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում է՝ Հարությունյանը միայնակ չի գործել:
Սամվել Պողոսյան - Բոլոր վկաները նշում են՝ 7-8 հոգի ա մասնակցել այդ սպանությանը, դա խմբակային սպանություն է եղել, և դա էդքան դժվար չի լինի բացահայտելը, այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայության արխիվում կարծեմ կա, թե ովքեր են էդ օրը եղել Քոչարյանի մոտ, ովքեր են եղել այդ տարածքում, և կարելի ա ճշտել, թե ովքեր են մասնակցել այդ ոճրագործությանը:
Հայկ Խաչատրյան - Վարույթի շրջանակներում ստացել ենք նման տվյալներ, որ մարմնական վնասվածքները Պողոս Պողոսյանի չեն պատճառվել միայն Աղամալ Հարությունյանի կողմից, այլ պատճառվել են մի խումբ անձանց կողմից 5-6, 7 հոգու կողմից, բայց դատաքննության ընթացքում, երբ որ ամբողջ ծավալով ապացույցները կհետազոտվեն, ստացված տվյալների հիման վրա արդեն հնարավոր կլինի անդրադառնալ նաև այդ հանգամանքին:
Վերաբացված գործը դատարանում է մոտ մեկ տարի, սակայն Պողոսյանի եղբորորդին դժգոհում է քնության ընթացքից:
Սամվել Պողոսյան - Մենք 18 թվից դիմել ենք բացելու համար, 18-ի վերջ կամ 19-ին բացվել է գործը, մինչև էսօր ընդամենը մի քանի դատական նիստ է տեղի ունեցել, և նույնիսկ վկաների հարցաքննության դեռ չեն հասել, բնականաբար, դա գոհացուցիչ չի:
Պաշտպանական կողմը պնդում է, որ նիստերը ձգձգվում են դատախազի բացակայության պատճառով, մեղադրող դատախազն էլ հակադարձում է՝ ձգձգումների պատճառը պաշտպանի պարբերական միջնորդություններն են՝ վարույթը կարճելու և Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Վերաբացված գործով միակ մեղադրյալը կրկին Աղամալ Հարությունյանն է նույն՝ անզգույշ սպանության հոդվածով: Դատարանում հարցաքննվել պատրաստվող վկաների ցուցակում, սակայն կան նաև այն փորձագետները, որոնց եզրակացությունը ըստ դատախազության կեղծ է եղել:
Հայկ Խաչատրյան - Հետազոտված ապացույցները բավարար համարելով՝ կարող եմ ես որոշում կայացնել մեղադրանքը փոփոխելու համար:
Մեղադրող դատախազի մեկնաբանությամբ՝ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կասկածի տակ է դրել առաջին ատյանի 2002 թվականի դատական ակտը, որով Քոչարյանի թիկնապահը դատապարտվել էր 2 տարվա պայմանական ազատազրկման:
Այն, որ Աղամալ Հարությունյանի արարքը մեղմ է որակվել, տարիներ առաջ իր զեկույցում շեշտել էր նաև Human Rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ինչ վերաբերում է դատաբժշկական կեղծ եզրակացությանը, նոր վարույթի շրջանակում դեռ մեղադրյալներ չկան:
Փորձագետները, որոնք եզրակացություն էին տվել, Գագիկ Հարությունյանն ու Շավարշ Գևորգյանն են, որոնք մինչև այժմ էլ աշխատում են առողջապահության նախարարությանն առընթեր փորձագիտական կենտրոնում, «Լուրերը» փորձեց նրանցից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն նախարարությունից նշեցին՝ դատաբժիշկները որևէ տեղեկություն հայտնելու իրավունք չունեն, քանի որ կա նախաձեռնված քրեական վարույթ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան