Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպումներ է ունեցել Բելգրադում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ, ներկայացրել Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակը, «Սերբիայի և սերբերի նկատմամբ իրականացվող ճնշումները»: Այս մասին նախագահը հայտնել է Instagram-ի իր էջում:
Վուչիչը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելգրադում ԱՄՆ դեսպանի հետ: «Դեսպան Հիլի հետ երկարատև և բովանդակալից հեռախոսազրույցի ընթացքում ես կրկնեցի, որ Սերբիան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության պահպանմանը, միջազգային հանրային իրավունքի պահպանմանը և ստորագրված բոլոր համաձայնագրերի լիարժեք կատարմանը»,- նշել է Վուչիչը՝ հավելելով, որ Պրիշտինայի գործողությունները կասկածի տակ են դնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:
Նախօրեին Վուչիչը հինգժամյա բանակցություններ էր վարել Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի հետ: Վերջինս հույս է հայտնել, որ կողմերը զսպվածություն կդրսևորեն և բռնություն չեն կիրառի:
Հիշեցնենք, որ Կոսովոյի իշխանությունները որոշում են կայացրել տուգանել սերբական պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուգանքները կկազմեն 150 եվրո: