ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2023-ԻՆ
Աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստների բարձրացում. ներկայացված մի քանի տասնյակ ծրագրերից սրանք առանցքայիններն են, ԱԺ-ում 2023-ի բյուջեի բացվածքն է ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Հաջորդ տարվա բյուջեն գերազանցում է թե այս, թե նախորդ տարվա ցուցանիշը. 2023-ի համար գերատեսչությունը կունենա 648 մլրդ 453 մլն դրամից ավելի բյուջե: 9մլրդ-ից 20 մլրդ դրամի է հասել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար հատկացվող բյուջեն: Պատճառն այն է, որ շահառուների թիվը էապես աճելու է:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին` անկախ նրանց հաշվառման, բնակության վայրից: Արդյունքում շահառուների թիվը կավելանա` ի հաշիվ չաշխատող, քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերը:
Գրեթե նույքան գումար էլ կհատկացվի հաջորդ տարի ծնվող երեխաների միանվագ դրամական հատկացման համար՝ շարունակեց Մկրտչյանը: 27 տոկոսով ավելացել է 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծրագրի բյուջեն. հատկացվել է 3.7 մլրդ դրամ:
Նարեկ Մկրտչյան - Նախարարության ենթակայության տակ գործող՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի շուրջօրյա կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանան շուրջ 30 տոկոսով:
Հաջորդ տարի օրենսդրական մակարդակում կբարելավեն երեխայի պաշտպանության մակարդակը՝ հայտնել է նախարարը, հատուկ շեշտադրել վաղ կանխարգելիչ ծառայությունները:
Նարեկ Մկրտչյան - Ինչպես վարչապետի կողմից արդեն նշվել է, 2023 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնում ենք 75 հազար դրամ՝ 68 հազարի փոխարեն, քննարկվելու է սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման հարցը, ընդունվելու է զբաղվածության նոր ռազմավարություն, 2023-ի փետրվարի 1-ից ներդրվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել` հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը, այլ ոչ բացառապես առողջական վիճակը:
Նախարարությունը մտադրված է նաև հավասարեցնել կենսաթոշակների ստաժի համար հատկացվող գումարի չափը, բացի դրանից՝ կենսաթոշակառուների համար մի նոր ծրագիր է մշակում, մանրամասնել է նախարարը:
Նարեկ Մկրտչյան - Կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, որոնք ունեն կայուն, բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1, 2 կամ ավելի տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով:
Գրեթե 2.3 մլրդ դրամ էլ կուղղվի հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրին, որը, սակայն, նախորդ տարվա հատկացման համեմատ նվազ է 1.4 տոկոսով: Նախարարի պնդմամբ՝ աջակցությունը լայն շրջանակով ու ամբողջ թափով շարունակվում է:
146 ՄԼՐԴ 373 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ
Հաջորդը առողջապահության նախարարության բյուջեի քննարկումն էր: Գերատեսչությունը մյուս տարի 146 մլրդ 373 մլն դրամ բյուջե կունենա: Գերատեսչության բյուջեն ՀՆԱ-ի հետ համամասնության տեսանկյունից բավարար չէ մեր երկրի կարիքները սպասարկելու համար, նշում է նախարար Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք ունենք մեզ համար կարևորագույն թիրախ` մոտենալու այդ 4 տոկոսին: Ինչպես պարոն Խաչատրյանն ասաց, մենք ամեն տարի, վերանայելով ցուցանիշները ու դրանց տակ դնելով ծրագրային և խորքային բովանդակություն, մեր կառավարության առջև դրել ենք, որ պետք է դրան հասնել և ամեն ինչ անելու ենք:
Նախարարության այս տարվա բյուջեն 119 մլրդ 696 մլն դրամ է, քովիդի դեմ պայքարի համար էլ պահուստային ֆոնդից ավելի քան 20 մլրդի հատկացում է եղել: 2023-ից այդ գումարը՝ 5 մլրդ դրամը, հաշվառված է բյուջեում՝ նշում է Ավանեսյանը: Հաջորդ տարվա հատկացումները բաշխվելու են մի քանի ուղղությամբ. կարևորներից է առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի վերանայումը, որի համար 1.7 մլրդ դրամ է նախատեսված:
Անահիտ Ավանեսյան - Առանց որոշակի աշխատանքի արդյունավետության, գիտելիքի վերափոխման՝ աշխատավարձերի վերանայում չենք անելու: Այդ պատճառով մշակել ենք բոնուսային համակարգ, հավելյալ ինդիկատորներ ենք ներառել և ընդհանուր բոնուսային միավորների արժեքն ենք վերանայել, որ նաև ամեն ինդիկատորով արվող աշխատանքը շատ ավելի գրավիչ լինի մեր բժիշկների համար:
Տարիների ընթացքում բավականաչափ բարելավել են նաև շտապօգնության պարկը, հիմա արդեն աշխատելու են դրա արդյունավետ պահպանման ուղղությամբ. ընդգծում է նախարարը: Հաջորդ տարի անհրաժեշտ է նաև որոշ ծառայությունների գնագոյացման վերանայում անել՝ միջինացված հաշվարկով 7.2 տոկոսով ավելանալու են:
Անահիտ Ավանեսյան - Ես համարում եմ, որ համակարգային կարևորագույն փոփոխություններ է նաև մեր էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, որը ևս կարևոր գործիք է թե ծառայությունների ստացման վերահսկման առումով, թե հետագա մեր ծրագրերի ավելի ճիշտ ձևավորման համար:
Ավանեսյանը հիշեցնում է կառավարության ծրագիրը, ըստ որի` առաջիկա 5 տարիներին պետք է 50 բժշկական կենտրոն վերակառուցվի ու վերազինվի: Այս տարի 13 բուժկենտրոն է վերակառուցվում, հաջորդ տարի թիվը կավելանա, շեշտը կդրվի մարզային 20 ամբուլատորիաների կառուցման ու վերազինման վրա: