Սյունիքում տարածաշրջանային զարգացման ծրագրերը պետք է իրականացվեն միասին ու համակարգված: Մարզպետարանի առաջարկած տարբերակին համամիտ են թե՛ բոլոր համայնքների ղեկավարները, թե՛ մարզում զարգացման ծրագրեր իրականացնող ավելի քան 80 միջազգային կազմակերպության ու դիվանագիտական կառույցների ղեկավարները: Թեև Կառավարությունը և միջազգային կառույցները բազմաթիվ պետական ծրագրեր են իրականացնում Սյունիքում, սակայն այստեղ պետք է այնպիսի ռազմավարություն, որը կհամակարգի բոլորի աշխատանքը:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Տարածքային զարգացման հիմնադրամով նախարարությունը խմելու ջրամատակարարման 15 ծրագիր է արդեն իսկ իրականացնում: Որոշակի ճանապարհաշինական աշխատանքներ, բայց բոլորս հասկանում ենք, որ խոսքը պիտի լինի ոչ միայն ծավալով, այլև խորությամբ ավելի ընդգրկուն մի մոտեցման, ռազմավարության մասին, որի լիդերը, վստահաբար, պիտի լինի մեր տարածքային մարմինը՝ մարզպետարանը:
Միջազգային կազմակերպությունների և պետական գերատեսչությունների մասնակցության տեսանկյունից Սյունիքում այսպիսի խորհրդաժողով առաջին անգամ էր իրականացվում, ինչը վկայում է, որ մարզի խնդիրների լուծումով բոլորն են հետաքրքրված: Դրա մասին են վկայում նաև ավելի քան 80 կազմակերպության իրականացրած տարբեր ծրագրերը, սակայն դրանք հաճախ կա՛մ ավարտին չեն հասցվում, կա՛մ կյանքի կոչվելուց հետո ակնկալվող արդյունքներն են փոքր լինում:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Խնդիրն առկա է ոչ թե այսօր, այլ առկա է եղել միշտ: Խնդիրը մարզային մակարդակում համակարգելն է բոլոր խաղացողներին, որովհետև մենք չենք կարող թույլ տալ ունենալ 80 օղակ, որոնք առանձին-առանձին են աշխատում: Բնականաբար, այս կամ այն օղակները համագործակցում են պետական այլ կառույցների հետ, բայց մեկ ընդհանուր հարթակ, որ բոլորս միասին կլուծենք կոնկրետ խնդիր, չի եղել:
Սյունիքում առաջնահերթ իրականացվող ծրագրերի անհրաժեշտություն միշտ է լինում՝ ասում է Ռոբերտ Ղուկասյանը: Վստահ է, դրանք հնարավոր է շատ արագ լուծել: Եթե համակարգված աշխատեն, էապես կլուծվեն նաև մարզի անվտանգային խնդիրները:
Ռոբերտ Ղուկասյան - Էֆեկտիվությունը բարձրանում է միայն, եթե մենք միասին մեկ նպատակի ենք գնում, այլապես առաջնահերթությունները կարող են սահմանվել տարբեր կազմակերպությունների կողմից, տարբեր կերպ, և սա առաջացնում է չակերտավոր քաոս ներդրումային կամ ծրագրային դաշտում, որն էլ բերում է շատ ավելի փոքր արդյունավետության:
Հաճախ է պատահում, որ տնտեսական, տարածքային զարգացման, սոցիալական կամ առողջապահական ոլորտներում տարբեր կազմակերպությունների իրականացրած ծրագրերի ակնկալածից փոքր արդյունքի դեպքում տեղական իշխանությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում, որ ծրագիրը լիարժեք աշխատի:
Ռոբերտ Ղուկասյան - Բազմաթիվ ծրագրեր կան, որ շատ հրատապ են Խոզնավարում, բայց իրականացվում են մեկ այլ բնակավայրում, ավելին՝ հարևան բնակավայրերում արվում են, որովհետև իրարից անկախ են դրանք:
Ծրագրերի մեկնարկից առաջ ամբողջական պատկերը հասկանալու համար մարզպետարանը պատրաստ է գործակցել բոլոր կառույցների հետ, ավելին՝ պարբերաբար մարզային հաշվետվություններ ներկայացնել, որ կազմակերպությունները կարողանան իրենց ծրագրերն իրականացնելիս հնարավորինս ճիշտ կողմնորոշվել: Միջազգային կազմակերպություններին ևս անհրաժեշտ է իմանալ, թե որ տարածքում պետությունն ինչ ծրագիր է իրականացնում՝ ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը:
Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ) - Շատ կարևոր է տեղեկություն ստանալ հենց առաջին աղբյուրից՝ պետական կառույցներից: Օրինակ՝ եթե գյուղատնտեսության ոլորտում մի կազմակերպությունը համայնքում ոռոգման ծրագիր է իրականացնում, մյուսը՝ ագրոպարենային ծրագիր, լավ կլիներ, որ այդ երկու կազմակերպությունները կենտրոնացնեին իրենց ուժերը. այդ դեպքում ծրագրերն ավելի արդյունավետ կլինեն:
Մարզպետի նախաձեռնությամբ հրավիրված աշխատաժողովում մասնակիցները համակարծիք են՝ առաջին ձեռքից տեղեկություն ստանալն ու համակարգված աշխատելը անհրաժեշտություն են, իսկ «Միասին՝ Սյունիքի համար» կարգախոսը՝ ճիշտ ընտրված: