Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կարիերայում երկրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր և 5-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում մեդալներ չնվաճեցին՝ զբաղեցնելով համապատասխանաբար չորրորդ և վեցերորդ տեղերը: Ավետիսյանը վաստակեց 14.600 միավոր, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը՝ 14.533 միավոր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը՝ նոյեմբերի 6-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակիչում: