Տևական դադարից հետո առաջին անգամ Հանրայինի «Լուրեր»-ի տեսախցիկի համար մի քանի րոպեով բացվում են ԱՕԿՍ-ի շենքի դռները:
Շենքը փակվեց քրեական գործի հարուցումից հետո: 2020-ին հայտնի դարձավ, որ այն հանցավոր ճանապարհով օրինականացվել է: Մեղադրյալների թվում են Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ԱՕԿՍ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը: Նրանց վերաբերյալ գործը դատարանում է, իսկ առանցքային մեղադրյալ՝ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը և նրա հարսը հետախուզման մեջ են, երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Երևանի կենտրոնում գտնվող այս պատմամշակութային հուշաձանը 2001-ին անհատույց օգտագործմամբ տրամադրվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Արմեն Սմբատյանն է, փոխնախագահը՝ Հասմիկ Պողոսյանը:
Երևանի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյան - 2004 թվականի դեկտեմբերի 17-ին արդեն Երևանի քաղաքապետարանի և ՀԿ-ի միջև կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր, որով ՀԿ-ն պարտավորվել է որևիցե դեպքում անհատույց օգտագործման իրավունքը չփոխանցել այլ անձանց, չզիջել այլ անձանց, չվաճառել, չօտարել կամ որպես ավանդ չներդնել այլ իրավաբանական անձի կապիտալում և այլ պարտավորություններ ևս»:
Դատախազի խոսքով՝ 2006 թվականին Հասմիկ Պողոսյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մշակույթի նախարարի պաշտոնը, դիմել է քաղաքապետարան և տեղեկություն խնդրել շենքի և հողատարածքի սահմանափակումների վերաբերյալ:
Ծովակ Մնացականյան - Թեպետ ի պաշտոնե հաստատապես իմացել է, որ այդպիսի արգելք առկա է: Այնուհետև ստանալով ցանկալի բովանդակությամբ տեղեկատվությունը, այդ ակնհայտ կեղծ բովանդակությամբ փաստաթուղթն օգտագործելով, կարողացել են գրանցել Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության» անունը կրող ՀԿ սեփականություն որպես արդեն:
Բացի դրանից՝ շենքի զբաղեցրած և շենքը սպասարկող հողատարածքները նույնպես օտարվել են՝ խախտելով հողային օրենսգիրքը: Մի քանի տարի անց՝ 2011 թվականին, հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ ստեղծվել է «ԱՕԿՍ» ընկերությունը:
Ծովակ Մնացականյան - Խորհրդի որոշմամբ այդ շենքը ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում որպես ավանդ, 2004 թվականի պայմանագրի համաձայն՝ ներդրման հետ կապված արգելք գոյություն ուներ:
Արդեն 2012 թվականին` ստանձնած լինելով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, որոշվում է վաճառել ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը:
Ծովակ Մնացականյան - Գործարքի կողմ է հանդիսանում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունը, որը հիմնադրվել է հենց այն նույն տարում՝ հենց այն նույն ժամանակահատվածում, որի ընթացքում կատարվել են այս շենքի գրանցումները և շենքի հետ կապված բաժնետոմսերի գրանցումները:
Ըստ ձեռք բերված տվյալների՝ օֆշորում գրանցված ընկերության տնօրենը Հասմիկ Պողոսյանի հարսն է, որն էլ, ըստ մեղադրանքի, ձևական օտարման գործընթացով ընկերության 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է Արմեն Սմբատյանի ընկերոջը, որը գործով այս պահին չի անցնում, իսկ 25 տոկոսը՝ ԱՕԿՍ ընկերության տնօրեն Գոռ Դավթյանի մորը՝ այդպիսով փորձելով վերջնական ավարտին հասցնել գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքների գրանցումը:
Ծովակ Մնացականյան - Նախաքննության ընթացքում ոչ միայն հաստատվեցին այս տեղեկատվությունները, այլ նաև դրանց վերաբերյալ մի շարք փաստաթղթեր ձեռք բերվեցին, ինչի հիման վրա մեղադրանքներ առաջադրվեցին Արմեն Սմբատյանին, Գոռ Դավթյանին, Հասմիկ Պողոսյանին և Ֆրանչեսկա Կուտրուպեին:
Այսպիսով՝ Արմեն Սմբատյանը, Գոռ Դավթյանը և Ֆրանչեսկա Կուտրուպը մեղադրվում են փողերի լվացման, իսկ Հասմիկ Պողոսյանը՝ փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Նրանք, սակայն, առաջադրած մեղադրանքը չեն ընդունում:
Արմեն Սմբատյանի պաշտպան Երվանդ Վարոսյան - Դժվար է այդ մեղադրանքի շուրջ առհասարակ դիրքորոշում ունենալ, որովհետև մեղադրանքը անգամ ինձ համար հասկանալի չէ. դատարանում անգամ մեղադրող դատախազը չկարողացավ պարզաբանել մեղադրանքի էությունը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ մարդը մեղավոր ճանաչի իրեն թե չճանաչի, կամ առհասարակ պարզ լինի իրեն, թե ինչում են իրեն մեղադրում:
Ինչ վերաբերում է գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելուն, ապա ըստ պաշտպանի՝ նման բան առհասարակ տեղի չի ունեցել, սակայն Վարոսյանի համոզմամբ, անգամ այդ դեպքում Սմբատյանը կապ չէր կարող ունենալ, քանի որ իր պաշտպանյալը երբևէ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել:
Երվանդ Վարոսյան - Հարցը հետևյալն է, որ էդ գույքը ի սկզբանե դեռևս 1959 թվականին ՀՍԽՀ կառավարության որոշմամբ հատկացվել է որպես սեփականություն հասարակական կազմակերպությանը, և երբևէ այդ գույքը պետական չի եղել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել, միշտ եղել է հասարակական կազմակերպության սեփականություն:
Դատախազը մինչդեռ հակադարձում է՝ 1990 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հանցավոր օրինականացումը, շենքը եղել է պետական: Վարոսյանի խոսքով՝ կառույցը հայտնվել է վթարային վիճակում, և շենք մուտք գործելը վտանգավոր է եղել:
Երվանդ Վարոսյան - Շենքը որպես գույք ՍՊԸ-ին փոխանցելը և հետո ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելը ըստ էության եղել է ներդրում ներգրավվելու գործարք, այսինքն՝ փող են ներգրավել, որով և շենքը հիմնանորոգվել է ամբողջությամբ, և այսօր հասարակական կազմակերպությունն էլ հնարավորություն ունի էդ շենքում գործել: Էս ա խնդիրը մեր համոզմամբ: Սա մութ սենյակում սև կատու փնտրելու մասին քրեական գործ է, այն էլ այն դեպքում, երբ այդ կատուն առհասարակ գոյություն չունի:
Դատախազի պնդմամբ՝ մեղադրյալները իրենց ցուցմունքներում հայտնել են, որ շենքի պահպանության հետ կապված ֆինանսական միջոցներ առկա չեն եղել:
Ծովակ Մնացականյան - Մինչդեռ հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ շենքը տարբեր հատվածների բաժանած տվել է վարձակալության, ստացել է վարձակալության գումարները՝ արդեն ՍՊԸ-ի բալանսով, իհարկե: Մինչ այդ հասարակական կազմակերպությունը պետությունից ստացել է դրամական միջոցներ՝ միջոցառումների կազմակերպման համար, և այստեղ հարց է առաջանում՝ արդյոք հասարակական կազմակերպությունը այդ գույքի պահպանության համար դիմե՞լ է պետությանը, և պետությունը չի՞ կատարել իր պարտականությունը:
«Լուրեր»-ը փորձեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել նաև Հասմիկ Պողոսյանի պաշտպանական խմբից, սակայն պաշտպանն ասաց՝ այս փուլում մեկնաբանություն տալ չեն ցանկանում:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը դատի է տվել հասարակական կազմակերպության նախագահությանը՝ խորհրդի կազմը նոր անձանցով համալրելու համար:
Քրեական այս պրոցեսին զուգահեռ դատախազությունն այժմ միջոցներ է ձեռնարկում ԱՕԿՍ-ի շենքը պետականացնելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան