Անզեն աչքով արևի խավարումը դիտելը վտանգավոր է տեսողության համար: Ակնաբույժները փաստում են՝ շատերը բնության այդ երևույթով զմայլվում են՝ առանց աչքերը պաշտպանելու: Իսկ հետևանքներն անդառնալի են լինում: Հոկտեմբերի 25-ին դիտված արևի խավարումից հետո էլ միայն ակնաբույժ Նոննա Գուլքանյանին աչքի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի այրվածքներով դիմել է 5 հոգի՝ 14-25 տարեկան:
ՆՈՆՆԱ ԳՈՒԼՔԱՆՅԱՆ («Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ակնաբույժ) - Բոլոր հիվանդները դիմել են՝ առարկաների աղավաղված պատկերներ տեսնելով, աչքերի առաջ տարբեր գծեր, կետեր՝ տարբեր գույների, որոնք անընդհատ ուղեկցում են:
Ցանցաթաղանթի կենտրոնական հատվածը օգնում է տարբերակել մանր առարկաները և գույները, ու կախված, թե ինչ աստիճանի է վնասվածքը, ցանցաթաղանթի այդ հատվածի քանի շերտ է այրվել, կարող է անգամ կուրություն առաջանալ: Գուլքանյանի պացինետների խնդիրը եղել է տարբեր բարդության: Արևի խավարումը նայելու դեպքում հատկապես խոցելի են երիտասարդների ու երեխաների աչքերը:
ՆՈՆՆԱ ԳՈՒԼՔԱՆՅԱՆ - Քանի որ ոսպնյակը շատ ավելի թափանցիկ է, մաքուր է, իրենք ավելի են հակված, ավել հեշտ է վնասվում ցանցաթաղանթը: Դրա համար շատ երկրներում երեխաներին արգելում են արևի խավարման ժամերին անգամ փողոց դուրս գալ:
Ակնաբույժները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում ընդհանրապես չհետևել արևի խավարմանը կամ գոնե օգտվել հատուկ պաշտպանություն ապահովող ապակիներից:
ՆՈՆՆԱ ԳՈՒԼՔԱՆՅԱՆ - Առավել պաշտպանված լինելու համար խորհուրդ են տալիս զոդելու համար նախատեսված ակնոց և հատուկ ֆիլտրեր պարունակող ապակիներ, որոնք վաճառվում են մասնագիտացված խանութներում: Անգամ սովորական արևային ապակիները չեն լուծում այդ խնդիրը:
Աստղագետ Արեգ Միքայելյանը բացատրում է արևի խավարում երևույթը, որը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Արեգակը Երկրից 150 մլն կմ հեռավորության վրա է, Լուսինը՝ ընդամենը 384 հազար:
ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (աստղագետ) - էնպես է ստացվել, կարծես բնության քմահաճույքը լինի, որ նրանց անկյունային չափերը երկնքում հավասար են մոտավորապես: Եվ երբ որ պտույտի ժամանակ (Լուսինը Երկրի շուրջը, Երկիրը Արեգակի շուրջը), այդ փոխադարձ շարժումների ժամանակ այնպես է ստացվում, որ երեքով դասավորվում են նույն գծի վրա, Լուսինը հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև՝ ուղիղ նույն գծի վրա: Այդ դեպքում ծածկում է Արեգակի պատկերը, երկնակամարը մթնում է, և մեզ թվում է, որ խավարեց Արեգակը:
Լրիվ խավարման րոպեներին տեսողությունը կարող է չվնասվել, իսկ մասնակի խավարման ժամանակ լույսը, միևնույն է, շատ պայծառ է:
ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ - Խավարման ժամանակ թվում է, թե թուլանում է արեգակի լույսը, բայց, միևնույն է, Արեգակի լույսն այնքան ուժեղ է, օրինակ՝ լիալուսնից համարյա մեկ միլիոն անգամ ավելի պայծառ է, դրա համար եթե նրա կեսն է ծածկված, էլի, միևնույն է, շատ մեծ է պայծառությունը: Եթե լրիվ խավարում չէ: Օրինակ՝ այս անգամ Հայաստանում մոտ 65 տոկոսն էր ծածկվել:
Արեգակի լրիվ խավարում տարեկան տեղի է ունենում 2-4 անգամ: Աշխարհագրական նույն վայրում լրիվ խավարման կրկնվելու հանավականությունը 300 տարին մեկ է: Մասնակի խավարումները մի քանի տասնյակ անգամ հաճախակի են և նույն վայրում կարող են կրկնվել մի քանի տարին մեկ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան