Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների հոսքը Հայաստան նպաստել է ոլորտի ցուցանիշների աճին: Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից, Ղազախստանից և այլ երկրներից ժամանածները նաև նպաստել են, որ ոլորտային ճյուղերն ավելի բազմազան դառնան:
Հենրիկ Միրզոյան (ՀՀ ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ) - 2022 թ.` 2021-ի տվյալների համեմատ, հունվար-սեպտեմբեր ամիսների հաշվարկով ՏՏ ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը աճել է շուրջ 68 %-ով: Իսկ այդ կազմակերպություններում ներգրավված անձանց թվաքանակը աճել է շուրջ 45 %-ով:
Օտարերկրյա ներդրում ունեցողները Հայաստանում գործունեություն իրականացնելու համար հիմնում են ռեզիդենտ կազմակերպություններ: Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ այս տարի նաև հավաստագրման դիմումների աննախադեպ աճ է գրանցվել:
Հենրիկ Միրզոյան - Միայն 2022 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ արդեն իսկ ունենք 1127 հավաստագրված կազմակերպություն, դա մի փոքր ավելի է, քան 2015-2022 թթ. հավաստագրված կազմակերպությունների ամբողջ քանակը: 2022 թ. ունեցել ենք 1127 հավաստագրված կազմակերպություն, որից 1010-ի հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են:
Արտերկրից ժամանած մասնագետները նաև տարբեր հարթակներում ներկայացնում են իրենց աշխատանքը: Հայաստանի Ամերիկյան համալսարանում գրեթե ամեն օր անցկացվում է բանախոսություն, որին մասնակցում է 20-30 հոգի: Նրանք, այսօրինակ քննարկումների միջոցով ձեռք բերելով հայաստանյան վստահելի գործընկերներ, համատեղ նախագծեր են իրականացնում:
Հաբեթ Մադոյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավար) - Սովորաբար, մարդիկ, որոնք ունեն մասնագիտություն, որը կապված է ՏՏ ոլորտի հետ, երբ ինչ-որ առիթով լինում են Հայաստանում, իրենք սովորաբար փնտրում են համալսարան կամ կրթական օջախ, որտեղ կարող են գնալ կեսժամանոց կամ մեկժամանոց ինչ-որ ելույթ ունենալ և կիսվել իրենց փորձով: Եթե տեսնում ենք, որ մարդը իրապես ասելիք ունի, ու սովորաբար այդպես էլ լինում է, մենք կազմակերպում ենք հանդիպում, որը կարող է լինել ոչ միայն մեր ուսանողների համար, այլև բաց` ամբողջ հայ հանրության համար:
Ամերիկյան համալսարանում մի քանի անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող զեկույցներով է հանդես եկել Աշոտ Վարդանյանը:
Աշոտ Վարդանյան (ՏՏ ոլորտի մասնագետ) - Երբ ես մոտ երկու տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան, սկսեցի C++ միթափներ կազմակերպել, սկիզբը բավականին բարդ էր, ընդամենը 10 մասնակից էինք ունենում, իսկ այսօր արդեն հարյուրավոր մարդիկ են մասնակցում, հետաքրքրվում: Նախորդ հավաքին այնքան մարդ կար, որ խնդրեցինք Ամերիկյան համալսարանին՝ մեզ տարածք տրամադրել, տրամադրեցին 200 հոգանոց դահլիճ: Իմ կարծիքով՝ սա մեծ առաջընթաց է:
Հայաստանում բնագավառի գրավչությանը նպաստել է նաև Կառավարության այս տարվա որոշումը, ըստ որի` ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն դիմելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ստանալ պետբյուջե վճարված եկամտային հարկի 50 %-ի չափով պետական աջակցություն: Մոտ 1.7 մլրդ դրամի պետական աջակցություն արդեն հատկացվել է:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան