Ասֆալտապատվում է Արցախի Աստղաշեն և Պատարա գյուղեր տանող ճանապարհը: Մայրուղուց Պատարա ճանապարհի երկարությունը 9,2 կիլոմետր է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 5,4 մետր:
Կամո Ղալայան (տեխհսկիչ) - Կորերում՝ կապված կորերի շառավիղներից, ստանում ենք տարբեր լայնություններով նվազագույնը 5,4 մետր գումարած՝ դա կլինի 1 մետր, դա կլինի 2 մետր, ըստ նորմատիվների՝ ինչպես նախատեսում են ճանապարհաշինական նորմերը: Այդ բոլոր եզրագծերը նորմերին համապատասխան տարված են:
Հողային աշխատանքներից հետո կապալառու ընկերությունը կառուցում է ասֆալտբետոնե շերտը: Տեխնիկական հնարավորությունները ներում են միանգամից ասֆալտապատել երկու երթևեկելի գոտին:
Տիգրան Եղիազարյան (կապալառու ընկերության աշխղեկ) - Կատարել ենք ամբողջ ծրագրի երկարությամբ հողային պաստառի վերականգնում՝ նիշերով հանույթներ, լիցքեր, դրանից հետո ամբողջ ճանապարհի երկարությամբ կատարել ենք ավազակոպճային շերտի տեղադրում, ճանապարհի կեսում հիմքը տեղադրված է: Որտեղ հիմքը տեղադրված է, արդեն իր ամրության մեջ է մտած, տեխնոլոգիայով, նախագծով նախատեսված կարգով արդեն կարող ենք ասֆալտապատման աշխատանքները կատարել:
Ծրագրի արժեքը 922 միլիոն դրամ է: Այն ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Վալերի Ղահրամանյան (Արցախի Պատարա համայնքի ղեկավար) - Ստեփանակերտից Պատարա 25 կիլոմետր է ընդամենը: Որ գնում էինք 40 րոպե էր տևում, հիմա 20 րոպեի ճանապարհ է: Արդեն մտածելու բան չկա՝ մարդիկ գյուղից գնում են տարբեր տեղեր աշխատում են, էլի հանգիստ երեկոյան վերադառնում են գյուղ՝ առանց ոչ մի խոչընդոտի: Ճանապարհն, իրոք, մեծ, դրական ազդեցություն ունի:
Ճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածի հարևանությամբ անցնում է Պատարայի ջրամբարից Ստեփանակերտը սնուցող ջրագիծը: Ճանապարհաշինարարության տեխհսկիչ Կամո Ղալայանը կարծում է, որ դա կարող է հետագայում խնդիրներ առաջացնել:
Կամո Ղալայան - Շինարարական նորմերի խախտում է, քանի որ ճանապարհի հատկացման գոտում չի թույլատրվում տեղադրել և ոչ մի կոմունիկացիա՝ միայն որոշ աշխատանքների կազմակերպման ժամանակ, բայց ոչ մագիստրալ գծեր:
Ջրամբարի նախագծի հեղինակն էլ վստահեցնում է՝ խողովակաշարը երթևեկելի հատվածից հեռու է շինարարական նորմերին համապատասխան:
Հարություն Հակոբյան (Պատարայի ջրամբարի նախագծի հեղինակ) - Օգտվել ենք ճանապարհի նախագծից, որ տվյալ կազմակերպությունը տվել էր, 5,2 մետր լայնությամբ ստեղծել ենք կից ճանապարհ՝ խողովակաշարի համար, և մեր խողովակաշարն անցկացրել ենք ճանապարհի հողային պաստառի սահմանից դուրս, մերձ ճանապարհով ենք տարել:
Պատարայի և Աստղաշենի ճանապարհից հետո շինարարները կասֆալտապատեն Դահրավ տանող ճանապարհը:
Այժմ այստեղ կատարում են հողային աշխատանքներ: