Մինչև 2050 թվականը Հայաստանի անտառապատ տարածքները պետք է հասցնել 21.1 տոկոսի: Այսօր այդ թիվը շուրջ 11 տոկոս է: Ոչ միայն Երևանում, այլև Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Վայոց ձորում և Սյունիքում այսօր համապետական ծառատունկի օր է: Պետական գերատեսչությունների, համալսարանների աշխատողները «Արագածոտն» անտառտնտեսության տարածքում երկու հեկտարի վրա թեղի, վայրի խնձորենի և տանձենի տնկեցին:
Արմեն Դանիելյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական) - Արագածոտնն իր բնակլիմայական պայմաններից ելնելով ներկայումս այն էկոլոգիական իրավճակում է, որ տնկումների կպչողականությունը հնարավորինս ավելի նիշը բարձր է լինում, քան մնացած տեղերը, քանի որ կլիման, հողը և օդի խոնավությունը բոլորը նպաստում են դրան: Այս տնկումներից հետո ընդամենը լավ խնամքից հետո հնարավոր է՝ ունենանք լավ անտառածածկ տարածք:
Անտառային կոմիտեն ծառատեսակներն ընտրելիս հաշվի է առել տարածքի կլիմայական պայմանները: Անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանի խոսքով՝ ընտրել են տնկման խրամատային եղանակը՝ փխրեցրել հողը, որ ծառերն ավելի շուտ կպչեն: Միայն Արագածոտնում 6000 ծառ տնկվեց:
Տարոն Մանուկյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ) - Ես չեմ կարող ասել՝ երբ կմիակցվի՝ տասը տարի հետո, ութ տարի հետո, բոլոր դեպքերում, նշված տարածքը, որ որակյալ հող է, տեսաք խրամատները, նորմալ պատրաստված, ճիշտ ժամանակին, բույսերը փակ արմատային՝ ջերմոցից բերած, որի կպչողականությունը, ըստ մեր վիճակագրության, կարող է 60-80 տոկոս տալ:
Գարնանն արդեն պարզ կլինի, թե այս աշնանը տնկված ծառերի քանի տոկոսը ծիլ կտա: Եթե կարողանան 80 տոկոս կպչողականություն ապահովել, ապա արդյունքը գերազանց է: Որքան արևոտ է եղանակը, այնքան կորուստներն ավելի մեծ են՝ նկատում են անտառային կոմիտեի մասնագետները: Վերջին տարիներին անձրևների սակավությունն ազդել է Հայաստանի բոլոր՝ 17 անտառտնտեսությունում ծառերի բնականոն աճի վրա՝ նկատում են գյուղակադեմիայի դասախոսները, որպես լուծում առաջարկում ընդլայնել ծառատունկի աշխարահագրությունը:
Զարինե Թարխանյան (ՀԱԱՀ անտառագիտության և անգրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս) - Հարցը միայն անտառ տնկելը չէ, հարցը միայն ծառ տնկելը չէ: Տնկված ծառերը հետագայում պետք է խնամվեն, որպեսզի մենք կարողանանք արդյունք ստանալ. դա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Այսօր մեր նպատակն է քայլ առ քայլ մոտենալ 21.1 տոկոս անտառապատվածությանը:
Շրջակա միջավայրի նախարարը, անտառային կոմիտեի նախագահն էլ կաղնու, կեչու և թխկու շիվեր են տնկել այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից տուժած Ջերմուկի անտառներում։ Համապետական ծառատունկի բյուջեն այս տարի 413 մլն դրամ է: Արդյունքում հանրապետության տարբեր հատվածներում միայն այսօր անտառապատվել է 130 հեկտար, տնկվել է շուրջ 451 հազար ծառ։