Թեհրանը փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Միաժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ տրամադրելու մասին տեղեկությունները։ Այդ մասին հայտնում են իրանական աղբյուրները:
«Արևմտյան որոշ երկրներ աղմուկ են բարձրացրել, թե Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարել՝ պատերազմում Մոսկվային օգնելու համար: Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ ենք մատակարարել, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից մի քանի ամիս առաջ»,- մանրամասնել է Իրանի գլխավոր դիվանագետը:
Նա հավելել է, որ Թեհրանը Կիևից ապացույցներ է պահանջել, որ ռուսական ուժերն իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Ուկրաինայի դեմ:
«Երկու շաբաթ առաջ Իրանի ռազմաքաղաքական պատվիրակությունը մեկնել էր եվրոպական երկրներից մեկը՝ հանդիպելու ուկրաինացիների հետ, սակայն նրանք այդպես էլ չհայտնվեցին: Եթե պարզվի, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ իրանական անօդաչու սարքեր է կիրառել, մենք կարձագանքենք։ Թեհրանի դիրքորոշումը հայտնի է՝ պատերազմը պետք է դադարեցվի, բանակցությունները պետք է վերսկսվեն»,- եզրափակել է Աբդոլլահիանը։