Ամերիկահայ երիտասարդության դիմագիծը փոխվել է. եթե նախկինում նրանք միայն երկրորդ, երրորդ սերնդի ներկայացուցիչներ էին, ապա այժմ նաև Հայաստանում ծնված կամ հայաստանյան ընտանիքներից սերած երիտասարդներ են, որի համար հայրենիքն այլևս սոսկ խորհրդանիշ չէ, այլ վայր, որտեղ իր տատն ու պապն են ապրում, ասում են մասնագետները՝ հղում անելով վերջերս արված մի հետազոտության։ Այդ երկու խմբերն այժմ շփվում են ու ձևավորվում է սփյուռքի հայ երիտասարդի նոր որակ, որը ենթադրում է առավել մեծ ներգրավվածություն հայրենիքին առնչվող գործերում։
Այդ ներգրավվածության ձևի ու ճանապարհների մասին պատկերացումները քննարկվեցին Լոս Անջելեսում տեղի ունեցած Hye Talks խորագրով քննարկմանը։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Մանավանդ հիմա, որ ունեցել ենք պատերազմը, շատ կորուստներ ու նաև վերջին դժվարությունները Հայաստանում, որ հայ ազգին դժվար վիճակի մեջ են պահում, ուզում էինք այս խոսակցությունն ունենաք, որ երիտասարդները լսեն ու տեսնեն, որ շատ առիթներ կան, որ իրենք կարող են մասնակցել ու համայնքը ուժեղացնեն ու իրենց աշխատանքով մի երկիր վերաշինվի։
Ամերիկահայ երիտասադրները պետք է իմանան, որ իրենց հետ շատ հույսեր ենք կապում, և այժմ ժամանակն է, որ նրանց կարողություններն առավելագույնս օգտագործվեն, ասում են կազմակերպիչները։
Ադրին Նազարյան - Երկիրը պետքություն չունի, երբ լավ է, երկիրը օգնության պետք ունի, երբ ցավի, դժվարության մեջ է։ Հիմա է, որ Հայաստանը և Արցախը մեզ պետք ունեն՝ իբրև սփյուռք, և մենք պետք է ջիգ ու ջանք ու մեր տաղանդերը օգտագործենք, որ երկիրը ուժեղացնենք և գլոբալ սոսայիթիի մեջ ուժեղանանք ու դեր ունենանք ավելի մեծ։
Քննարկմանը հրավիրված էին ամերիկյան բուհերի հայկական ուսանողական միություններն ու ամերիկյան իրականության մեջ հաջողության հասած հայտնի դեմքեր՝ իրենց փորձով ու պատմություններով։
Շուշանիկ Կարապետյան (Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ինստիտուտի փոխտնօրեն) - Իրենք են ապագան։ Օրինակ՝ մեր սերնդի համեմատ-մենք մեզ տեսնում էինք՝ սովորող, բայց ոչ առաջնորդ կամ ղեկավար-ես իմ ուսանողների մեջ տեսնում եմ առաջնորդելու ձիրքը, բան փոխելու, հիմա աշխարհը փոխել է, այնքան արագ է աշխարհը փոխվում՝թե տեխնոլոգիան, թե չեմ կարծում՝ ժամանակ ունենք սպասելու -պիտի քայլերի դիմենք և իրենք պատրաստ են, մենք պիտի թույլ տանք»։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում առաջարկում են նաև կրթաթոշակ, ճանապարհի-կեցության ծախս հայկական թեմայով կամ ցանկացած թեմայով՝ Հայաստանում հետազոտություն կատարելու համար։
Շուշանիկ Կարապետյան - Մեր ուսանողների մեջ այսպիսի տարանջատում կա-հայկականը ու իրական աշխարհը- այն տպավորությունն է, որ հայկականը իրական աշարհին չի պատկանում, ես ուզում եմ ցույց տալ, որ դրանք նույնն են և հայկականով կարող ես մտնել միջազգային հարթակ ու ասելու բան ունենալ ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին։
Ամերիկահայ երիտասարդները նշում են, որ քննարկումները կշարունակեն այնքան, մինչև գտնեն իրենց մտահոգությունները գործնական քայլերի վերածելու ճանապարհները։
Լիլի Սարաֆյան (HyeTalks քննարկման կազմակերպիչ) - Պատերազմից հետո և նույնիսկ այսօր, երբ հարձակումներ կան հայրենիքի վրա, տպավորություն է, թե հողից, զինվորից բացի, մենք՝ որպես համայնք, կորցրել ենք մեր գիտակցությունը՝ որպես հավաքական ուժ, որ պիտի շարժվի առաջ։ Մենք սգում ենք ամենի համար, ինչ կորցրել ենք, զինվորների համար և հարգում ենք նրանց հիշատակը, բայց միևնույն ժամանակ տպավորություն է կարծես կորցրել ենք ինքներս մեզ։
Ուզում ենք ավելի շատ խոսել մեր ապրումների մասին, ասում են ամերիկահայ ուսանողները։
Նշում են նաև, որ դեռևս դժվարանում են համայնքի լիարժեք մաս դառնալ, բայց հայրենիքի կյանքին մասնակցել շատ են ուզում: