Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
Լավագույնս գիտակցելով ձեր ամենօրյա դժվարին աշխատանքի կարևորությունը՝ ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Սոցիալական աշխատանքը մեկն է այն մասնագիտություններից, որը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց անհրաժեշտ աջակցություն տրամադրելուց զատ, պահանջում է նաև ապրումակցելու կարողություն, մեծ համբերություն և բարեխիղճ վերաբերմունք։
Ձեր աշխատանքը մարդկանց վստահություն է ներշնչում ապագայի նկատմամբ, նպաստում նրանց ներուժի բացահայտմանն ու կյանքի որակի բարելավմանը։
2020 թվականից պատերազմից հետո, ցավոք, մարտահրավերները շարունակվում են։ Դրա դրսևորումներից մեկը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան էր, որի առաջացրած սոցիալական խնդիրների չեզոքացմանն ուղղված աշխատանքներում գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ՝ մեծապես ներգրավված էին նախարարության աշխատակիցները, Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները։
Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը շարունակում է լինել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում։ Այս նպատակով շարունակում են իրականացվել տարբեր ուսումնական դասընթացներ և վերապատրաստումներ՝ սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով։
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ օրվա առթիվ՝ ի սրտե շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մեծ նվիրումով են ընտրել այս դժվարին մասնագիտությունը և նույնքան նվիրումով շարունակում են իրականացնել»: