2023 թվականին նախատեսվում է շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ ծրագիրը դրական արդյունքներ է արձանագրում:
«Մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով ու անկանխիկ շրջանառությունը, շահառուների թիվը, հետվճարի ծավալները: Եթե հուլիս ամսին անկանխիկ վճարումներով կենսաթոշակառուների և սոցիալական նպաստառուների բանկային քարտերով կանխիկ վճարները զրոյական էին, ապա սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ 1 միլիարդ 400 միլիոն դրամ անկանխիկ շրջանառություն ունենք, որից 1 միլիարդ 200 միլիոնը վերադարձվող է»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ հոկտեմբերն ամփոփման փուլում է: Նախարարի համոզմամբ՝ հոկտեմբերի տվյալները ևս աճ արձանագրած կլինեն: