ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդողների տարիֆիկացիոն մատյանի կազմման առանձնահատկությունները:
Հրամանով նախատեսված իրավակարգավորումը հանրակրթության նոր պետական չափորոշչի փորձարկմամբ է պայմանավորված և տարածվում է բացառապես Տավուշի մարզի դպրոցների վերոնշյալ դասարաններում դասավանդողների վրա:
Հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված ոչ միավորային (բնութագրային) և ձևավորող գնահատման գործիքակազմի ամբողջական փորձարկման և արդյունավետ ներդրման նպատակով Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
1) 2-րդ և 3րդ դասարանում ուսուցչի 1 (մեկ) դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է շաբաթական 18 ակադեմիական ժամ՝ դասավանդվող ժամերից, և 4 ակադեմիական ժամ՝ գնահատման ժամերից, որի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները,
2) 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում ուսուցչի 1 (մեկ) դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է շաբաթական 20 ակադեմիական ժամ՝ դասավանդվող ժամերից, և 2 ակադեմիական ժամ՝ գնահատման ժամերից, որի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները,
3) նշված դասավանդվող և գնահատման ժամերի դրույքային հարաբերակցությունը ենթակա է պահպանման նաև ամբողջական դրույքից շեղումների դեպքերում։
Տավուշի մարզի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների համար ուսումնական հաստատությունները ֆինանսավորվում են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առավելագույն տարեկան ժամաքանակների համապատասխան՝ հետևյալ ձևով.
1) 2-րդ և 3-րդ դասարան՝ տարեկան 912 ժամ,
2) 5-րդ և 6-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
3) 7-րդ և 8-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
4) 10-րդ և 11-րդ դասարան՝ տարեկան 1360 ժամ:
Առավելագույն տարեկան ժամաքանակներն ընդգրկում են պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչները, այդ թվում՝ ընտրովի բաղադրիչը։
Ընտրովի բաղադրիչի շրջանակում 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում ենթակա են ներառման նաև «Առողջ ապրելակերպ» դասընթացի խմբակը, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում՝ նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրի գործունեությունը։ Ընտրովի բաղադրիչի շրջանակում ընդգրկվում են նաև նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը։
10-րդ և 11-րդ դասարանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով, ի լրումն պետական պարտադիր բաղադրիչի, դպրոցական բաղադրիչի միջոցով ձևավորվում է անհատականացված դասացուցակ, որի հիման վրա ձևավորվում են միևնույն առարկան միևնույն առարկայական ծրագրով ուսումնասիրող առանձին խմբեր։