Պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Կառավարությունը, ի թիվս տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատ նախաձեռնողների, քաղհասարակության, մեկնարկեցին նախաձեռնություն, որով նախարարությունը ուզում է, չի պարտավորվում, բայց ուզում է շուրջ 300.000 բազմակի օգտագործման տոպրակներ անվճար բաժանել Երևան քաղաքում, տարբեր մարզերում, փոքր և մեծ քաղաքներում, ընդ որում՝ դրանք ունեն իրազեկման և գովազդային արշավների տեսք: Այսինքն՝ բոլոր նախաձեռնողները կարող են միանալ մեզ և իրենց տարբերանշաններով, իրենց լոգոներով այդ տոպրակները տրամադրել նախարարությանը, որոնք բաժանվելու են հասարակության շրջանակներում:
Հայաստանում պլաստիկի շրջանառությունը մինչև 2024-ը, ըստ ստանձնած միջազգային պարտավորության, պետք է բացառվի: Սակայն խանութներում առկա պատկերը ցույց է տալիս, որ մարդիկ, չնայած վճարովի, շարունակում են օգտվել պոլիէթիլենային տոպրակներից:
Գայանե Գաբրիելյան - Փորձը ցույց տվեց՝ էս մեկ տարվա ընթացքում, որ, այնուամենայնիվ, պլաստիկ տոպրակների շրջանառությունը էական չնվազեց, սակայն ի՛նչ ստեղծվեց հասարակության մեջ. նախ՝ այն գաղափարը, որ մի օր արգելվելու է, որովհետև պետությունը ստանձնել է այդ պարտավորությունը, երկրորդը՝ որ մարդիկ սկսեցին կիրառել բազմակի օգտագործման տոպրակներ, դրանք կլինեն կտորե տոպրակներ կամ թղթյա կամ կենսալուծվող տոպրակներ, այնուամենայնիվ, արտադրողները հնարավորություն ունեցան ժամանակ ունենալ և վերապրոֆիլավորել իրենց գործունեությունը:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ» քննարկմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ: Նրանք դրական արձագանքեցին տոպրակներ բաժանելու նախաձեռնությանը:
Մխիթար Ավետիսյան («Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր, նախագահ) - Մեր կազմակերպությունը աջակցում է այդ նախաձեռնությանը և պատրաստ է անվճար տոպրակներ տրամադրել նախարարությանը, որը արդեն նախարարությունը կբաժանի իր շահառուներին կամ ցանկացող քաղաքացիներին:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը 2022-ի հունվարի 1-ից արգելել է առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։
Արթուր Ղավալյան (ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ) - Իրականում այսպիսի թյուր կարծիք կա ձևավորված, որ բարակ տոպրակը արագ քայքայվում է, և դա վնաս ա: Դա այդպես չէ, իրական վնասը սկսվում է քայքայումից հետո, աղբավայրում այրումից հետո, որովհետև վերածվում է միկրոպլաստիկի: Ծավալները ավելացել են հաստանալու հետ կապված, սակայն մի կողմից դա հնարավորություն է ստեղծել նաև վերամշակման ծավալներն ավելացնելու: Իրականում դրա անվնաս ու վնասակար լինելը էս պահին էդքան էլ էական չէ, որովհետև ինքը կրում է ժամանակավոր բնույթ, դա ուղղակի անցումային հնարավորություն էր քաղաքացիներին և տնտեսվարողներին հարմարվելու:
Արթուր Ղավալյանն ասում է՝ նախատեսվում է նաև սահմանափակել մեկանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանքի գործածությունը՝ ափսեներ, բաժակներ, տուփեր և այլն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան