Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնը նոր սարքավորումների շնորհիվ իրականացնում է փորձաքննություններ, որոնք մինչև այժմ հնարավոր չեն եղել: Վերջերս հզոր թմրամիջոց համարվող լիզերգինաթթվի որակական ու քանակական հետազոտություն են արել:
Փորձագետ - Ձեռք բերված մասպետրոմետրիկ դետեկտորով հնարավոր է եղել իրականացնել ԼԶԴ տեսակի թմրամիջոցի փորձաքննություն, որը նախկինում՝ մոտ տասնամյակներ շարունակ, փորձագիտական կենտրոնում չի կատարվել: Դա աննախադեպ ձեռքբերում է մեզ համար:
Փորձագետը, որին անվտանգությունից ելնելով կադրում ցույց տալ չենք կարող, նշում է՝ սարքը հնարավորություն է տալիս հետազոտություն իրականացնել միկրոգրամների քանակի ճշգրտությամբ: Նոր սարքավորմամբ առավել դյուրացված համակարգով կատարում են հերթական փորձաքննությունը:
Փորձագետ - Ներկայիս հետազոտությունը կատարվում է արտերկրից ներմուծված ապօրինի ժելեանման կոնֆետների մեջ առկա ... թմրամիջոցի հետազոտություն: Հետազոտության արդյունքում ժելեանման կոնֆետների մեջ հայտնաբերվել է ... տեսակի թմրամիջոց:
2021 թվականին հետազոտվել է 5885 օբյեկտ, 2022-ին՝ 11256-ը: Գործընթացն արագացել է, փորձաքննությունների քանակը՝ ավելացել: Փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նոր սարքավորումները կրճատել են նաև փորձաքննության իրականացման ժամկետը: Վերջին երկու ամսում շուրջ 5 անգամ կրճատվել են այս տարի գործարկված թեժ գծով ստացված զանգերը, որոնք հիմնականում վերաբերել են գործերի ուշացումներին:
Դավիթ Ղուլյան («ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Նոր սարքավորումները ձեռք են բերվել Կառավարության աջակցությամբ, բոլորովին ժամանակակից, պահանջված սարքավորումներ են, և դա շարունակական ա:
Կլինեն նոր տեսակի ու ենթատեսակների հետազոտություններ: Դավիթ Ղուլյանը առանձնացնում է դրանցից ևս մեկը:
Դավիթ Ղուլյան - Նոր սարքավորումների շնորհիվ կարողանում ենք հայտնաբերել մրգօղիների միջի հավելանյութերը, դա բնական ա, թե արհեստական ա:
Փորձագետի տված եզրակացությունից է կախված քրեական վարույթի ճակատագիրը:
Դավիթ Ղուլյան - Փորձագետի աշխատանքը մենք շատ կարևորելով՝ անցած տարվա համեմատ ունենք մոտ 92 տոկոս աշխատավարձի բարձրացում, նախատեսվում է ևս 25-30 տոկոս 2023 թվականին:
Փորձագետների համալրում ևս նախատեսվում է: Այս տարվանից գործարկվել են նաև կենտրոնի նոր կայքը և տարբերանշանը: