ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ողջունում այդ հարցում ԵՄ-ի ջանքերը և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի անցկացումը՝ Թվիթերի միկրոբլոգում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ քննարկումներն անհրաժեշտ են տեղում անվտանգությունը բարելավելու համար:
Կոլոմինան նաև բարձր է գնահատել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը:
ՆԱՏՕ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի և Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումներ չեն համընկնում:
Դա առավել ակնհայտ դարձավ Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում պաշտոնյաների հայտարարություններից։
Ստոլտենբերգը, մասնավորապես, ընդգծել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են ՆԱՏՕ-ին միանալու համար Թուրքիայի պահանջները, ուստի եկել է ժամանակը հաստատելու նրանց անդամակցությունը կառույցին:
Չավուշօղլուն պատասխանել է. «Թուրքիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին: Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, օրենսդրական փոփոխություններ արել: Ֆինլանդիայի հետ խնդիրներ չկան, սակայն Շվեդիան դեռ պետք է կատարի Մադրիդյան պարտավորությունները»:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել էր, որ Հելսինկին և Ստոկհոլմը դեռ Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց: Թուրքիան սպառնում է այս պահանջի չկատարման դեպքում չհամաձայնել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը:
Bloomberg-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Թուրքիան դժվար թե մինչև 2022 թվականի վերջ հավանություն տա ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտին:
ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Իսրայելի գործող վարչապետ Յաիր Լապիդը շնորհավորել է ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին 2019 թվականից ի վեր հինգերորդ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հանձնարարել իր աշխատակազմին նախապատրաստվել վարչապետի լիազորությունների փոխանցմանը։
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ ընտրությունների արդյունքում Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 120-տեղանոց խորհրդարանում 32 մանդատ է ստանում։ Գործող վարչապետ Յաիր Լապիդի «Եշ Ատիդ» կուսակցությունը 24 մանդատով երկրորդ տեղում է։
Ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ աջակողմյան և կրոնական ուժերի դաշինքն ընդհանուր առմամբ ստանում է 64 մանդատ, ինչը նրանց հնարավորություն է տալիս դաշինք կազմելու։
ԹԵՀՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թեհրանը Կիևին կոչ է արել երկկողմ փորձագիտական հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին զգուշացրել է՝ Թեհրանին ուղղված անհիմն մեղադրանքները և էմոցիոնալ հայտարարությունները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:
Նա ևս մեկ անգամ հերքել է պնդումները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար։ Քանանին վստահեցրել է՝ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։
ԼՈՆԴՈՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՐՁԱԿՄԱՆԸ. ՌԴ-Ն ՓԱՍՏԵՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանին փաստեր է ներկայացրել, որ Լոնդոնը մասնակցել է Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի բազայի դեմ ուկրաինական ուժերի դիվերսիային:
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը տեղեկացրել է, որ համապատասխան ապացույցները շուտով կհրապարակվեն: Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը Մեծ Բրիտանիայի ներգրավվածությունը վտանգավոր է դառնում:
ՍՈՒՆԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է Իսրայելում բրիտանական դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու` նախկին վարչապետ Լիզ Թրասի մտադրությունից՝ հայտնում է ամերիկյան Politico լրատվականը։
Սունակի պնդմամբ՝ նման որոշման համար հիմնարար պատճառներ կան: Նշվում է, որ Թրասն այդպիսով ցանկանում էր հետևել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրինակին։
Մեծ Բրիտանիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչությունը ողջունել է Սունակի դիրքորոշումը: Ավելի վաղ՝ Ռիշի Սունակը Երուսաղեմն անվանել էր Իսրայելի պատմական մայրաքաղաքը և խոստացել ջանքեր գործադրել հակասեմականության դեմ պայքարում։