ՄՈԲԻԼԻԶԱՑՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 318 ՀԱԶԱՐԻ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակի շարքերը համալրել ցանկացողների հոսքը չի պակասում, այդ իսկ պատճառով մոբիլիզացվածների թիվը հասել է 318 հազարի, չնայած նախապես հայտարարվել էր, որ զորակոչվելու է 300.000 մարդ։
Նրա խոսքով՝ 49.000 զորակոչիկ արդեն ուղարկվել է ռազմական գործողությունների գոտի, մյուսները դեռևս համապատասխան վերապատրաստում են անցնում:
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Գերմանիայում հանդիպել են «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները, քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Օրակարգում են նաև Իրանի, Չինաստանի, Թայվանի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի շուրջ զարգացումները:
Գլխավոր դիվանագետների երկօրյա բանակցությունները մեկնարկել են նոյեմբերի 3-ին Մյունստեր քաղաքում: Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց այդտեղ է 1648 թվականին ստորագրվել Վեստֆալյան պայմանագիրը՝ վերջ դնելով Երեսնամյա պատերազմին։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ. ՇՈԼՑ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ հանդես են եկել միջազգային քաղաքական ասպարեզում էական փոփոխությունների ֆոնին փոխվստահության ամրապնդման օգտին:
Օլաֆ Շոլցը, անդրադառնալով միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքին, շեշտել է՝ Գերմանիան և Չինաստանը համակարծիք են, որ միջուկային սպառնալիքներն անընդունելի են: Կանցլերը կոչ է արել Պեկինին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ վերջ տալու ուկրաինական հակամարտությանը: Շոլցը Ծինփինին հավատացրել է, որ Բեռլինը Պեկինին կարևոր գործընկեր է համարում և ցանկանում է խորացնել երկկողմ առևտրատնտեսական գործակցությունը:
Չինաստանի նախագահն ի պատասխան նշել է, որ իր երկիրը Գերմանիայի նկատմամբ կայուն և հետևողական ռազմավարություն է վարում: Նա հույս է հայտնել, որ գերմանական կողմը նույնպես դրական քաղաքականություն կորդեգրի Չինաստանի հետ հարաբերություններում։ Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է կախված չլինի երրորդ կողմերից և շարունակի զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները: Նա պատրաստակամություն է հայտնել գործակցել Եվրամիության հետ կլիմայի փոփոխության, պարենային անվտանգության և համաշխարհային այլ խնդիրների լուծման հարցում:
ԱՆՎՃԱՐ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անվճար պարենամթերք մատակարարել կարիքավոր երկրներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
«Վլադիմիր Պուտինի հետ համակարծիք ենք, որ Աֆրիկան պետք է օգուտ ստանա հացահատիկի միջանցքից: Աշխարհին մարդասիրության դասեր տալու արևմտյան երկրների փորձերը և միաժամանակ աֆրիկացիների տառապանքն անտեսելն ամոթալի են»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը հայտնել էր, որ սևծովյան միջանցքով արդեն անցել է պարենամթերքով բեռնված 421 նավ, եվրոպական երկրները ստացել են այդ բեռների 61%-ը, ասիական երկրները՝ 20%-ը, իսկ Աֆրիկան միայն 13%-ը։
ԻՐԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ Է 43 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ՌԱՅԻՍԻ
ԱՄՆ-ը ոչնչացնում է մյուս ազգերի շահերը՝ սեփական շահերն ապահովելու համար՝ նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նա մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի ավելի վաղ արված հայտարարության կապակցությամբ, թե Վաշինգտոնը պատրաստվում է ազատագրել Իրանը: Ռայիսին ընդգծել է՝ Իրանն ազատագրվել է դեռ 43 տարի առաջ։
Իրանում նոյեմբերի 4-ին նշվում է Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը: 43 տարի առաջ իրանցի ուսանողները գրավել էին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի 900 քաղաքում բողոքի ակցիաներ են անցել: Թեհրանում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը:
ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՑ ԿՓԱԿՎԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով նոյեմբերի 5-ից կփակվեն տարրական դպրոցները՝ հայտնում են տեղական իշխանությունները: Կներդրվեն նաև ճանապարհային երթևեկության սահմանափակումներ: Մոնիթորինգային մի շարք կայանների տվյալով՝ Նյու Դելիում օդի որակի ինդեքսը հատել է «ծանր» և «վտանգավոր» ցուցանիշները: