Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:
Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Շարմ էլ Շեյխում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովի օրակարգային թեմաներին:
Հանրապետության նախագահը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումները համաժողովից, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ինչպես Եվրամիության և միջազգային գործընկերների հետ կնքած պայմանավորվածությունների, այնպես էլ Փարիզյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման հարցերում:
Նախագահ Վահագն խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայումս բնակլիմայական փոփոխությունները, դրանց նկատմամբ հակազդեցությունը սահմաններ չեն ճանաչում և բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան դրանց դիմակայելու գործում:
Դեսպան Գալագերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության», գյուղատնտեսության արդիականացման և հարակից ոլորտներում բարեփոխումների իրականացմանն, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գործնական ծրագրերի կյանքի կոչման հարցերում:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները: