Մեր ծրագրերով դիմելիությունն ամեն տարի աճում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ որպես պատճառ բերելով կորոնավիրուսը և պատերազմը:
«Սա վկայում է այն մասին, որ ծրագրերն աշխատում են, դրանցից մարդիկ օգտվում են, և պետպատվերի շրջանակներում ծառայությունների ստանալը դառնում է շատ կարևոր և պահանջված: Այո՛, մենք անում ենք ամեն ինչ, որ անհրաժեշտ անհետաձգելի օգնության ողջ ծավալը պետպատվերի շրջանակում փոխհատուցվի: Բայց պլանային վիրաբուժական միջամտություններն ու, ընդհանուր առմամբ, միջամտությունը հերթագրման կարգով են արվում և արվելու հաջորդիվ էլ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից հերթագրման համակարգը դառնալու է մեկ միասնական, թափանցիկ, վերահսկելի:
«Այս մասով էլ չունենանք հերթից դուրս սպասարկում, հերթերի ոչ ճիշտ կառավարում, մեկ հիվանդանոցում ամբողջական սպառում, իսկ մեկ այլ հիվանդանոցում` չսպառում»,- ասաց նախարարը: