Գյումրիում այսօր բացվել է հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի անձանց համար մատչելի «Ագաթ» անկախ կյանքի առաջին ռեսուրս կենտրոնը։
Ռեսուրս կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ԵՄ պատվիրակության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է կենտրոնի գործունեությունը, նշել. «Մեր պետության քաղաքականությունը մարդակենտրոն է, մարդակենտրոն հասարակության մեջ մենք պետք է հոգ տանենք, որ որևէ մեկը խտրական վերաբերմունքի չարժանանա։ Սա նշանակում է, որ հավասար հնարավորություններ պետք է ընձեռվեն յուրաքանչյուրին, և յուրաքանչյուրիս քայլը պետք է միտված լինի դրան»։
Ռեսուրս կենտրոնը բացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի բաղադրիչներից է, որի նպատակն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների կյանքին:
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է 2020 թ․՝ համավարակի ու 44-օրյա պատերազմի ամենածանր ժամանակահատվածում։ Կենտրոնն աջակցել է պատերազմի մասնակիցներին և երկարաժամկետ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։
Երկու տարվա ընթացքում կենտրոնն ավելի քան 1250 ծառայություն է մատուցել շուրջ 500 անձի, կազմակերպել է դասընթացներ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար։