Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները, կամավոր ատեստավորում անցնելու դեպքում, հավելավճար կստանան: Նախագիծը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորման անցնելու հանգամանքով:
Նախարարի խոսքով՝ զինվորական պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության անցնող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:
Սուրեն Պապիկյան - Այս դրույթը նաև նրանց համար է, դիցուք` 6-րդ ամիսը լրացած ժամկետային շարքայինը դառնում է պայմանագրային, մենք նրան տալիս ենք նվազագույնը 3 և առավելագույնը 4 ամիս հնարավորություն, որպեսզի նա հանձնի ատեստավորում, և ատեստավորվելուն պես նախորդ 3 ամիսների համար կհաշվարկվի հավելավճարը: Մինչ այդ նա ստանալու է այն աշխատավարձը, ինչ ստանում են սովորական պայմանագրային զինծառայողները, ովքեր դեռևս ատեստավորված չեն:
Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը 3 տարվա համար կկազմի 66 միլիարդ դրամ:
Սուրեն Պապիկյան - Սրա համար միջինը տարեկան մենք ակնկալելու ենք Կառավարությունից 20 միլիարդ դրամ, բայց սա չի նշանակում, որ եթե մեր գործընկերները ավելի վաղ կարողանան հանձնել քննությունները, այսինքն` ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի վաղ: Գործընթացը բավականին ճկուն է լինելու:
Նախարարի խոսքով՝ բարձրագույն սպայական կազմի ատեստավորումն անցկացնելու է պաշտպանության նախարարի հանձնաժողովը, իսկ մայորից ցածր զինվորականներինը` գլխավոր շտաբի հանձնաժողովը: Պայմանագրային զինծառայողները կամավոր ատեստավորման համար հանձնելու են և՛ տեսական, և՛ գործնական քննություններ: Տեսական գիտելիքների ստուգման համար առաջիկայում կունենան համակարգչային ծրագիր. զինծառայողը քննություն կհանձնի և կիմանա թեստի պատասխանը:
Սուրեն Պապիկյան - Բայց մեզ համար էական է գործնական հատվածը: Այսինքն՝ սպայական հատվածը դասակ-վաշտ-գումարտակ-գունդ օղակում խնդիրներ լուծելու և նաև առաջադրած խնդիրները պատկերացնելու քննություն էլ պիտի տա, որը էլի տեսական է, բայց գործնականում պետք է դա տեսանելի լինի մեզ, որ ինքը հասկանում է` ինչպես զորքը կառավարել մարտի դաշտում: Մյուս մասը ֆիզպատրաստությունն է, առանց ֆիզիկական պատրաստության հետագայում կունենանք բազում խնդիրներ: Եվ ամենակարևորներից մեկը կրակային պատրաստությունն է: Դա նույնպես պետք է ստուգենք:
Նախարարի խոսքով՝ եթե այժմ շարքային պայմանագրային զինծառայողը, որը մարտական հերթապահություն չի իրականացնում, ամսական ստանում է միջինը 154 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանա 216 հազար, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողը այժմյան 200 հազարի փոխարեն կարող է ստանալ մինչև 300 հազար դրամ: Եթե պայմանագրային զինծառայողը ծառայում է հատուկ նշանակության ուժերում, ստանալու է 100 հազար դրամ ավելի, այսինքն՝ 416 հազար դրամ, դրան կգումարվի նաև ելքերի համար տրվող գումարը: Իսկ լեյտենանտները, բացի այն, որ կստանան բնակարան, ատեստավորումից հետո ստանալու են մոտ կես մլն դրամ աշխատավարձ:
Հանձնաժողովի անդամները կարևորեցին նախագծերի փաթեթի ընդունումը՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան