Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։
Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական համագործակցությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, սակայն առկա է փոխգործակցության մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։
«Մեր առաջնահերթությունն է համատեղ հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փորձի փոխանակումն ու բարենպաստ պայմանների ստեղծումը հայ և ղրղզական գործարար շրջանակների միջև», - նշել է Վահան Քերոբյանը։
Դանիյար Ամանգելդիևն ընդգծել է Ղրղզստանի պատրաստակամությունը Հայաստանի հետ համատեղ իրականացնել տրենդային նախաձեռնություններ, կայուն և նորարարական նախագծեր տնտեսության ոլորտում՝ ի շահ երկու երկրների զարգացման։
Միջոցառման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը։