Գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստվում է դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ առաջարկելու քննարկել ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցողների տարիքը հաշվի առնելու և նրանց համար այլ շեմ սահմանելու հարցը: Դիտարկումները ցույց են տվել՝ ատեստավորման համար հիմնականում դիմում են ոչ երիտասարդ ուսուցիչները, որոնք դժվարանում են աշխատել թեստերի հետ՝ արագության խնդիր ունեն:
Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ) - Նրանք մեծ մասամբ բարձր մակարդակի ուսուցիչներ են, փորձ ունեն, գիտելիք ունեն, բայց երբ հասնում է արդեն թեստի առաջադրանքը կարդալուն, առաջադրանքի շուրջ իրենց ամբողջ գիտելիքները ի մի բերել, նոր միայն պատասխանելուն, դա հսկայական ժամանակ էր խլում:
Բացի այդ, նրանք դժվարանում են քննության համար նախատեսված 3 ժամը նստել, հոգնում են՝ հավելում է ԳԹԿ փոխտնօրենը:
Կարո Նասիբյան - Այսինքն՝ եթե ժամանակը ավելացնեինք, չորս սարքեինք, ավելի վատ կլիներ, ավելի կկորցնեին իրենց, հոգնում էին, ոմանք խնդրում էին մի քիչ ման գալ, ոմանք խնդրում էին մարզանք անել և այլն: Այնպես որ, պետք է մտնել այդ դրության մեջ և փորձել լուծումներ գտնել նրանց համար:
Թե որ տարիքից սկսած է առաջարկվելու նվազեցնել անցողիկ ու հավելավճարի իրավունք տվող շեմերը, դեռ պետք է վերլուծել ու քննարկել: Աշխարհում այդպիսի փորձ կա՛, այդ թվում՝ հարևան երկրում:
Վրաստանում տարիքային ցենզ կա, ասենք, եթե ոմանց համար, օրինակ՝ 50 առաջադրանք լուծելը տալիս է 30 տոկոսի հավելավճար, իրենց համար իջեցված է 40 առաջադրանք լուծելու համար այդ նույն հավելավճարը:
Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցածների տարիքային վերլուծություն դեռ չի արվել, բայց նախնական տպավորությամբ` երիտասարդ մասնագետներից քչերն են դիմել: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վերջին տվյալով՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-ի դրությամբ`
ուսուցիչների ընդհանուր թիվը 30 252 է.
մինչև 35 տարեկան ուսուցիչներ՝ 5938,
35-49 տարեկան՝ 9953,
50-64 տարեկան՝ 10802,
65 և ավելի տարեկան՝ 3559:
Կամավոր ատեստավորմանը այս տարի մասնակցել են 5-12-րդ դասարաններում, այսինքն՝ հիմնական և ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչները: Այդ դասարաններում աշխատող մոտ 29450 ուսուցչից ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են գրեթե 3900-ը, ատեստավորման եկել` 2333-ը:
Դրական միավորի շեմը հաղթահարել և ատեստավորված է համարվում մասնակիցների 66 տոկոսը, բայց աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալու իրավունք ստացել 46 տոկոսը: Հաջորդ տարի կատեստավորվեն նաև տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչները:
Հեղինակ` Աննա Զախարյան