ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել «ռուսական միջամտությունը» Արևմտյան Բալկաններում, որոնց ապագան, նրա կարծիքով, կապված է ԵՄ-ի հետ։
«Մենք չպետք է արդարացնենք Ռուսաստանի միջամտությունն Արևմտյան Բալկանների տնտեսական և քաղաքական գործերին, քանի որ նրանց ապագան Եվրամիության հետ է»,- ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել այս տարածաշրջանի կայունությունը քաղաքականության և տնտեսության, կիբեռհարձակումներից և հիբրիդային սպառնալիքներից պաշտպանության հարցերում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև կարևորել է Կենտրոնական Ասիայի երկրների դերը: Նրա համոզմամբ՝ ԵՄ-ն ներկա պայմաններում պետք է ամրապնդի հարաբերություններն այդ տարածաշրջանի պետությունների հետ:
Բորելը նշել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է Սամարղանդում մասնակցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարաբերություններին նվիրված համաժողովին։ «Դա լավ հնարավորություն կլինի ամրապնդելու մեր կապերը, հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչպես նաև զարգացնելու մեր ռազմավարական ներդրումային ծրագիրը»,- պարզաբանել է դիվանագետը։