Մի քանի վիրտուալ խայծ, և քարտի գումարային մնացորդը զրոյանում է: Սա արվում է առցանց հարթակում, անձնական ու քարտային տվյալների կորզման միջոցով: Խարդախության հայտնի մոդելը այս տարի լայն տարածում է գտել, մի քանի ամիս դադարից հետո, վերջին շրջանում կրկին ակտիվություն է նկատվում: Դատախազությունը ուսումնասիրել-պարզել է՝ զեղծարարները մի քանի սցենարով են աշխատում:
Արտյոմ Օվսյան (ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Առաջին դեպքում հանցավորները մուտք են գործում համացանցային List.am կայք, որտեղից գտնում են իրենց «զոհերին» և զանգահարում են ապրանք գնելու պատրվակով: Շատ դեպքերում չեն սակարկում ապրանքի գինը, ցանկություն են հայտնում գնելու և տարբեր պատճառաբանություններով ավելի շուտ վճարելու պատրվակով խնդրում են իր բանկային քարտի՝ դիմերեսին և դարձերեսին առկա թվերը:
Առանց սակարկության գնելու հանգամանքը ոգևորում է քաղաքացիներին, և նրանք սկսում են հանցագործներին տրամադրել տվյալները՝ նույնիսկ բջջայինին բանկի ուղարկված մեկանգամյա կոդը: Մեկ այլ սխեմայով զեղծարարը կեղծ էջ է ստեղծում «Հայփոստի» անվան տակ, որտեղ գործարքն ավարտելու և գումարը վաճառողի քարտին մուտքագրելու համար պահանջվում է քարտային տվյալները լրացնել: Բայց պետք է հիշել, որ գումար ստանալու համար անհրաժեշտ է միայն քարտի դիմերեսի 16 թվերը, մյուս բոլոր տվյալները ոչ թե գումարի փոխանցման, այլ գնման համար են նախատեսված: Այս դեպքում խաբված քաղաքացին գնում չի կատարում, հակառակը՝ վաճառում է:
Արտյոմ Օվսյան - Վերջերս աճել են նաև հետևյալ սցենարները, որ զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում են բանկի անվտանգության աշխատակից և բանկի անվտանգության կառուցակարգերը վերազինելու նպատակով քաղաքացիներից պահանջում են այդ տվյալները:
Օտարերկրացիների մեծ հոսքից հետո հանցագործները նոր սցենար են մշակել: Զանգում են վարձով բնակարան վերցնելու համար, առաջարկում առաջին մի քանի ամիսների վարձը փոխանցել քարտին, որ սեփականատերը մի քանի օր պահի բնակարանը, մինչև իրենք գան և բնակվեն, սակայն խաբեության մեխանիզմը նույնն է՝ քարտի բոլոր տվյալներն են պահանջում: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի խոսքով՝ նմանատիպ հանցանքները առնվազն 2015 թվականից կան, փոխվում է միայն փաթեթավորումը: Բայց վերջին շրջանում քաղաքացիներն ակտիվացել են հաղորդում ներկայացնելու և խնդիրը բարձրաձայնելու հարցում՝ արձանագրում է Գևորգ Հայրապետյանը:
Գևորգ Հայրապետյան (ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ) - Քաղաքացիների ակտիվությունը իր հերթին բերում է նաև նրան, որ խնդրի մասին սկսում են ավելի շատ խոսել, ավելի շատ բարձրաձայնել, և նաև ըստ այդմ հասարակության մյուս անդամները տեղեկանում են դրա մասին, իսկ իրազեկվածությունը նման դեպքերում համացանցային խարդախներին անհաջողության մատնելու, իրենց չարագործությունը հաջողության չհասցնելու կարևոր գրավականներից մեկն է:
Հայրապետյանն առաջարկում է չտրվել գայթակղությանը. եթե համացանցում հանդիպում եք որևէ խանութի ակցիայի կամ որևէ հայտնի մարդու կողմից խաղարկության հայտարարության, ապա կասկածով մոտեցեք դրան, մանրամասն ուսումնասիրեք այն, և եթե տվյալ կայքը անձնական կամ բանկային տվյալներ է պահանջում, հեռացրեք այն:
Գևորգ Հայրապետյան - Շատ դեպքերում, երբ որ միջամտություններն ենք ուսումնասիրում, պարզում ենք, որ խնդիրներից մեկը մարդու չիրազեկվածությունն է և անուշադրությունը սեփական տվյալներին, երբ մարդիկ սեփական տվյալներն օգտագործում են իներցիայով:
Դատախազության տվյալով՝ այս տարվա առաջին կիսամյակում խարդախության այդպիսի 145 դեպք է գրանցվել, որից 134-ի դեպքում հանցագործը հասել է իր նպատակին և գումար կորզել: 82 դեպքով քրեական գործ է հարուցվել, 1-ը բացահայտվել է, բայց կարճվել է՝ տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, մյուսն ընթացքի մեջ է: Ընդհանուր վնասը կազմել է մոտ 18 մլն 200 հազար դրամ: Հանցագործները բարդացրել են նախաքննական մարմնի աշխատանքը՝ զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում չվերահսկվող հեռախոսահամարներով կամ հավելվածներով:
Արտյոմ Օվսյան - Կան նաև խաղային հաշիվների և անձնական հաշիվների հետ կապված փոխանցումներ, որոնք շատ դեպքերում ոչ թե փոխանցվում են անձնական հաշվին և ելքագրվում են, այլ տարբեր կերպ փոխակերպվում են այս հաշվից այն հաշիվ՝ դժվարացնելով հանցագործության բացահայտումը:
Նախաքննական մարմինը սակայն առանց բացառության ուսումնասիրում է բոլոր բողոքները՝ վստահեցնում է գնդապետ Օվսյանը: Նորից հորդորում հանրությանը՝ անձնական ու բանկային տվյալները անծանոթներին չփոխանցել: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն էլ առաջարկում է անվճար դասընթացներ անցկացնել, պատրաստ են գնալ պետական կառույցից մինչև բազմաբնակարան շենք, պետք է ընդամենը դիմել իրենց: