2023 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 146 միլիարդ 373 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց իրականացվող ու նախատեսվող ծրագրերը:
Նախարարը նշեց, որ առաջիկա 5 տարիներին պետք է իրականացվեն առնվազն 50 բժշկական կենտրոնների կառուցում և վերակառուցում, ինչպես նաև ամբողջական վերազինում:
«2022 թվականին մեր կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին հիմնական ուղղվածությունը լինելու է մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը: Նախատեսել ենք 20 ամբուլատորիաների նախագծանախահաշվային աշխատանքներ»,- ասաց նախարարը:
Համաշխարհային բանկի ծրագրերով 2 բժշկական կենտրոն կհանձնվի շահագործման, մեկը Մարտունիում է, մյուսը՝ Եղեգնաձորում: