Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս է գնել Twitter-ը, չեղարկել է ընկերության աշխատակիցների լրացուցիչ հանգստյան օրերը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ընկերության աշխատակիցների համար ամսական լրացուցիչ հանգստյան օրը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Գործակալությունը հավելում է, որ հանգստյան օրերի չեղարկումը մեկ անգամ ևս ընդգծում է Twitter-ում գոյություն ունեցող «կորպորատիվ մշակույթի» նկատմամբ Մասկի անհանդուրժողականությունը:
Bloomberg-ի տվյալներով՝ Մասկը նախատեսում է հանել նաև հեռավար աշխատելու հնարավորությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդանոց գործարքն ավարտելուց հետո Մասկը խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը, որը լայնորեն քննադատվում էր խիստ գրաքննության համար, ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, և քանի դեռ այն չի գործում, չընդունել գլոբալ որոշումներ խմբագրական քաղաքականության ու արգելափակված օգտահաշիվների վերականգնման վերաբերյալ։
The Wall Street Journal-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ միլիարդատեր Իլոն Մասկի՝ սոցցանցը գնելուց հետո Pfizer Inc. դեղագործական ընկերությունը, սննդամթերք արտադրող General Mills Inc. և Mondelez International Inc., ինչպես նաև գերմանական Audi ավտոարտադրողը ժամանակավորապես դադարեցրել են գովազդների տեղադրումը Twitter-ում: