44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման գործընթացն ավարտվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նույնականացման ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Բայց ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների, հարազատների կողմից դեռ չեն ընդունվել, չեն հուղարկավորվել:
Բավական նուրբ, բարդ թեմա է, երկար աշխատանք է պահանջվում նրանց համոզելու: Ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի է դժվարանում գործընթացը:
Կառավարությունը նաև ունի պարտավորություն հուղարկավորությունների հետ կապված, ևս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորությունները իրականացնելու: Մենք պետք է հաշվի առնենք հոգևոր, սանիտարահիգիենիկ ու բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող լուծումներ չստանալ»,- ասաց նախարարը:
Ժամկետների մասին, սակայն, Ավանեսյանը չխոսեց: