ԻՐԱՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱՂՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Ադրբեջանի հանրային հեռաուստատեսությամբ հնչել է հերթական ծաղրական երգը, այս անգամ` հարևան Իրանի մասին:
Հաղորդավարը ծաղրել է Իրանի կողմից վերջերս անցկացված զորավարժությունները և Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:
Երգում ասվում է, թե Հայաստանի և Իրանի ղեկավարներն ընկերակցել են և ակնարկներ են անում Բաքվին: Հաղորդավարը հարց է ուղղում՝ ինչու՞ Թեհրանը չի ցանկանում ընկերանալ Ադրբեջանի հետ և ինչու է դեմ արտահայտվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Ավելի վաղ նույն հաղորդավարը երեխաների մասնակցությամբ մեկ այլ ծաղրական երգ էր ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ՝ նրան անվանելով հայամետ, իսլամաֆոբ ու թրքաֆոբ:
ԱԷՄԳ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԵՔ ՕԲՅԵԿՏՈՒՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Կիևի դիմումի հիման վրա ստուգումներ են անցկացրել Ուկրաինայի երեք օբյեկտում. չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերվել: Ստուգումներն անցկացվել են, երբ Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է «կեղտոտ միջուկային ռումբ» պատրաստելու մեջ: ՌԴ ՊՆ տվյալով՝ Կիևը մտադիր էր կեղտոտ ռումբ կիրառել Ուկրաինայի տարածքում, այնուհետև մեղադրել դրա համար Մոսկվային:
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ պատրաստ են շարունակել ստուգումներն Ուկրաինայում՝ կանխելու միջուկային նյութերի հնարավոր կիրառումը:
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԼՈՒՐԵՐԸ
Նոյեմբերի 2-ին Իրանի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, ինչի հետ կապված Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստվում է հարձակման իր դեմ: Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է այդ մեղադրանքները։
«Իրանը հավատարիմ է բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականությանը, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և ձգտում է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում»,- հավաստիացրել է Նասեր Քանանին։
Միացյալ Նահանգների վարչակազմը, սակայն, պնդում է, որ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման վտանգը պահպանվում է:
«Սաուդյան Արաբիայում ապրում և աշխատում է 70 հազար ամերիկացի։ Վաշինգտոնը կշարունակի աջակցել այդ երկրին և ինքնապաշտպանության միջոցներ տրամադրել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
ԾՈՎԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Է. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերականգնել է մասնակցությունը գործարքին։ Հուլուսի Աքարի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում նաև հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Գործարքը վերականգնելու համար Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին. նա նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Վլադիմիր Պուտինն էլ զգուշացրել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դուրս գալ սևծովյան գործարքից, եթե Ուկրաինան խախտի իր տված երաշխիքները և հացահատիկի միջանցքը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու գործիք դարձնի։
ԼԱՏՎԻԱ-ԲԵԼԱՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը։
«Լիտվայի և Լեհաստանի իրավասու մարմինները շարունակում են Բելառուսի տարածքից սահմանն ապօրինի հատելու փորձեր արձանագրել: Հաշվի առնելով այդ փաստը՝ Լատվիան կպաշտպանի իր սահմանները ուժեղացված ռեժիմով», - ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2021 թվականից ի վեր լատվիացի սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու ավելի քան 7500 փորձ։
ԼԵՀ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՏՆԵՇ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Լեհաստանի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանին էլեկտրական պատնեշ կտեղադրվի։ Մարիուշ Կամինսկին ընդգծել է նաև Լեհաստան-Ռուսաստան սահմանի ամրապնդման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ Կալինինգրադի հետ սահմանին նույնպես էլեկտրոնային պատնեշ կտեղակայվի:
Ռուսական կողմն արձագանքել է այս մտադրությանը. Կալինինգրադի իշխանությունները հիշեցրել են, որ Լեհաստանի հետ սահմանին ռուսական կողմն արդեն կառուցել է արգելապատնեշ:
ՍԵՈՒԼԸ ԵՎ ՓՀԵՆՅԱՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՐԹԻՌՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Հյուսիսային Կորեան թերակղզու պատմության մեջ առաջին անգամ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի ուղղությամբ: Սեուլը պատասխան հրթիռ է արձակել։
Հյուսիսային Կորեայից նշել են, որ արձակումներն իրականացվել են ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի լայնածավալ օդային զորավարժությունների: Փհենյանը զգուշացրել է, որ Սեուլին «սարսափելի հետևանքներ» են սպասում, եթե զորավարժությունները շարունակվեն։
Արևմուտքում դա գնահատել են որպես միջուկային զենք կիրառելու քողարկված սպառնալիք։