Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է թիվ 4 փողոցը, որը, սակայն, ընդգրկված չի եղել փողոցաշինական ծրագրում։
Թեման Կառավարության նիստի ընթացքում բարձրաձայնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին խնդրելով պարզաբանում ներկայացնել խնդրի ուսումնասիրության վերաբերյալ. «Ինչո՞ւ եմ սա ասում. մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ մեկ ուրիշ փողոց է հիմնանորոգվել: Եվ խիստ պատահականորեն բյուջով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց այն փողոցը, այսինքն՝ շփոթվել և հենց այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: ՊՎԾ-ն այդ թիմայով ուսումնասիրություն է արել, ճի՞շտ է»:
«Մոնիթորինգի և վերահսկողության վարչության մեր գործընկերները, համադրելով եղած ինֆորմացիան և մշտադիտարկելով ձեռքի տակ եղած նյութերը՝ պարզեցին, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթավորվել, նախագծվել ու նախահաշվային բոլոր փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում:
Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին ՊՎԾ-ից առաջարկություն ներկայացվեց իրականացնել ծառայողական քննություն, վերհանել փաստերը, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի պարագայում փոխանցել իրավապահ մարմիններին:
Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության արդյունքում վերհանված առերևույթ իրավախախտումների փաստերով կասեցվել է ծառայողական քննությունը, և փաստերը փոխանցվել են գլխավոր դատախազություն: ՏԿԵ նախարարության մասով դեռևս սպասում ենք պարզաբանման»,- ասաց Պետրոսյանը:
Վարչապետը կարևորեց թեմայի հրապարակայնացումը նաև հանրային արձագանքի տեսանկյունից, որպեսզի նման երևույթներ չլինեն: