Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։
Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փորձի փոխանակման ու հետագա անելիքների վերաբերյալ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բեկետժան Ժումախանովը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովը և այլք։ Խորհրդին անդամակցող այլ պետությունների ներկայացուցիչներ միացել են առցանց ձևաչափով։
Ընդգծելով սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Խորհրդատվական խորհրդի դերը բնորոշել է որպես ընդհանուր մոտեցումների և սկզբունքների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման արդյունավետ հարթակ։ Անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ նախարարն էական է համարել փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։
«Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,- նշել է նախարարը։
Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են իրականացվող և նախատեսվող ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ապահովման առցանց հարթակների օրինականացման, ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացման ընթացքի, զբաղվածության ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքներին։
Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի որոշումը։