ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում 62 մլն դրամի վերաբաշխում կատարվեց, նաև մոտ 140 մլն դրամն ուղղվեց Կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշմամբ կապահովվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:
ԿԳՄՍ նախարար վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 13 բնակավայրի կրթահամալիրների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպտակով Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին հատկացրել է համապատասխան գումար:
Սկզբնական փուլում վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ Եղվարդ, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան համայնքներում՝ մոդուլային դպրոցներ, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:
Նախարարի խոսքով՝ կրթական բարեփոխումների շրջանակում կրթական գործընթացների կազմակերպման մասով ձևավորվել է նոր մոտեցում, և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ 2 կամ 3 դասարանները 1 դասարանում համակցելու մոտեցումը, այլևս ընդունելի չէ:
«Նոր մոտեցմամբ, անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթահամալիրները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները, պետք է ունենան առնվազն 12 դասարան և մեկական դասասենյակներ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիաների համար, առնվազն 2 խմբասենյակ նախադպրոցական ուսումնառության համար, այլ պարտադիր սենյակներ:
Նախագծող ընկերությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում 10 կրթահամալիրների համար նախագծման առաջադրանքի շրջանակում այս պահանջներին բավարարող փոփոխությունների իրականացման համար որոշվել է առանձին նախագծերի փոխարեն կիրառել նոր տրամաբանությամբ միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված նախագծի տեղակապում հետևյալ բնակավայրերի կրթահամալիրների համար՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին հանդ, Շիկահող:
Այս բոլոր բնակավայրերում պետք է լինեն նոր մոդուլային դպրոցներ, որոնք լինելու են նաև համայնքային մշակութային կենտրոններ»,- ասաց Դումանյանը:
Նախագծով նախատեսվում է նաև գումարներ հատկացնել Արմավիրի մարզի Արգինեի միջնակարգ դպրոցի և Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար:
«Դպրոցների կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և նախատեսվում է ավարտել այս տարի: Աշխատանքների փաստացի ծավալի ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, որը չի գերազանցում պայմանագրի գնի 20 տոկոսը: Նախագծով գումար է հատկացվում նաև Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ ավարտվել են Սյունիքի մարզում կրթահամալիրների տեղորոշման և տեղազննության աշխատանքները մյուս բոլոր խոշորացված գյուղական բնակավայրերի համար: Կազմվել են 53 նոր կրթահամալիրների կառուցման կամ եղած շենքերի հիմքերի վրա վերակառուցման աշխատանքների տեխնիկական նկարագրերը, անհրաժեշտ տրանսպորտային ուղիների ցանկը:
Կրթահամալիրների կառուցման համար քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են նաև հանրապետության մյուս 9 մարզի գյուղական բնակավայրերի համար: Մարզերից ստացված քարտեզագրման արդյունքներն այժմ վերլուծվում են՝ հաշվի առնելով առկա տվյալներն ու մոտեցումները, որից հետո կիրականացվեն տեղազննության աշխատանքները:
«Մենք նաև պայամնավորվել էինք, որ երբ դպրոցները կբացվեն, կրթահամալիր տանող ճանապարհները կառուցված կլինեն, զուգահեռ պետք է ձեռք բերվեն գործարանային արտադրության նոր տրանսպորտային միջոցներ՝ երեխաներ տեղափոխելու համար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դա բավական մեծ փաթեթ է, և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի: