Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրախորհրդարանի պատգամավորները այցելել են Սյունիքի մարզ, ծանոթացել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի արձանագրումն է՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, կատարել ռազմական հանցագործություններ:
Ֆաբիո Մասիմո Կաստալդո (Եվրոպական խորհրդարանի պատգամավոր) - Մեծապես մտահոգված ենք և դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ՝ դրանք մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են, և հույս ունենք՝ կատարողները պատասխանատվության կենթարկվեն։
Տարածքային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ պատերազմներով: Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության սյունն է, և անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել սահմանին հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, Ֆաբիո Կաստալդոն անհրաժեշտ է համարում երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում:
Ֆաբիո Մասիմո Կաստալդո - Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը այս ուղղությամբ, և կոչ եմ անում ավելացնել դիտորդների քանակը Հայաստանում: Բայց միաժամանակ պետք է արձանագրենք, որ փաստացի առաքելությունը աշխատում է 50 տոկոսով, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում դիտորդական առաքելության տեղակայում իր երկրի տարածքում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը անթույլատրելի որակեց նաև զոհված հայ զինծառայողների դիերի դուրսբերմանը Ադրբեջանի խոչընդոտելը, դատապարտեց 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների չվերադարձնելու փաստը, խաղաղ բնակավայրերի հրետակոծումը:
Ֆաբիո Մասիմո Կաստալդո - Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո, բայց մենք տեսանք՝ մարդիկ ապրում են այնտեղ ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա:
Ֆաբիո Կաստալդոն տեղեկացրեց՝ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ կողմ են քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում են հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի հանդեպ ոտնձգությունները: Եվրախորհրդարանի փաստահավաք առաքելության երկրորդ խումբը Հայաստան կժամանի 2023-ի փետրվարին: