Բոլոր ուղղություններում, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումներին: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Սա իրականություն չի կարող լինել, երկարատև ու համապարփակ, կայուն խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել: Եթե իսկապես շահագրգիռ են ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում իրենք ևս արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել: Դա չի աշխատի, երկարաժամկետ չի լինի»,- ասաց ԱԳ նախարարը:
Խոսելով միջազգային հանրության ուշադրության, արձագանքների մասին՝ Միրզոյանը նշեց.
«Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ: Կան կանոններ, կան գծեր, որոնք չպետք է հատվեն. սա է միջազգային հանրության ուղերձը, առնվազն ինձ այդպես է երևում»:
Միրզոյանը հույս հայտնեց, որ այս ուղերձն Ադրբեջանում կհասկանան: