ԼԱՏՎԻԱ-ԲԵԼԱՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը։ «Լիտվայի և Լեհաստանի իրավասու մարմինները շարունակում են Բելառուսի տարածքից սահմանը ապօրինի հատելու փորձեր արձանագրել: Հաշվի առնելով այդ փաստը՝ Լատվիան կպաշտպանի իր սահմանները ուժեղացված ռեժիմով»,- ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ 2021 թվականից ի վեր լատվիացի սահմանապահները կանխել են սահմանը ապօրինի հատելու ավելի քան 7500 փորձ։
ԼԵՀ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՏՆԵՇ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Լեհաստանի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանին էլեկտրական պատնեշ կտեղադրվի։ Մարիուշ Կամինսկին ընդգծել է նաև Լեհաստան-Ռուսաստան սահմանի ամրապնդման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ Կալինինգրադի հետ սահմանին նույնպես էլեկտրոնային պատնեշ կտեղակայվի:
Ռուսական կողմն արձագանքել է այս մտադրությանը. Կալինինգրադի իշխանությունները հիշեցրել են, որ Լեհաստանի հետ սահմանին ռուսական կողմն արդեն կառուցել է արգելապատնեշ:
ՇՈՒՏՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև նոյեմբերի վերջ կավարտվի Սև ծովի գազատար համակարգին միացող խողովակաշարի շինարարությունը: Թուրքական կողմն արդեն սկսել է աշխատանքները՝ Ռուսաստանի հետ գազային հանգույցի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Էրդողանի խոսքով՝ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է: Անդրադառնալով հացահատիկի միջանցքի գործարկմանը՝ նա տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են այդ երթուղով պարենամթերք մատակարարել Ջիբութի, Սոմալի և Սուդան:
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի տնտեսության մասին, նշել՝ Անկարան միջոցներ կձեռնարկի իր տնտեսությունը կայունացնելու համար։ «Մեր ընթացիկ հաշվի դեֆիցիտի միակ պատճառը նավթն է։ Առաջիկայում մենք կքննարկենք գնային քաղաքականությունը պարոն Պուտինի հետ հանդիպումներում»,- ասել է նա։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՈՐԵՎԷ ԱՆՁԻ. ԲՈԶԴԱՂ
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան դեռ Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ անձի: Թուրքիան նման պահանջ էր ներկայացրել Ստոկհոլմին և Հելսինկիին՝ սպառնալով հակառակ դեպքում չհամաձայնել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը:
Բեքիր Բոզդաղի խոսքով՝ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի Թուրքիա այցի ընթացքում:
Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Թուրքիան դժվար թե մինչև 2022 թվականի վերջ հավանություն տա ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտին:
ԳԴՀ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է «ՄԵԿ ՉԻՆԱՍՏԱՆԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՇՈԼՑ
Գերմանիան հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, Թայվանի հարցում ստատուս քվոյի փոփոխություն հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Չինաստան այցին ընդառաջ:
«Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, հարկավոր է ազատ և արդար համաշխարհային առևտուր ապահովել»,- ընդգծել է Շոլցը:
Նրա խոսքով՝ Չինաստանը վերջին 10 տարվա ընթացքում շատ է փոխվել, ուստի պետք է փոխվի նաև Եվրոպայի վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ։ Կանցլերն, այնուհանդերձ, մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիներին Եվրամիության և Չինաստանի հարաբերությունները սրվել են։
«Չինաստանը կարևոր տնտեսական և առևտրային գործընկեր է Գերմանիայի և Եվրոպայի համար: Չենք ցանկանում, որ Պեկինը խզի մեզ հետ հարաբերությունները»,- հավելել է Շոլցը: