ԻՐԱՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱՂՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Ադրբեջանի հանրային հեռաուստատեսությամբ հնչել է հերթական ծաղրական երգը՝ այս անգամ հարևան Իրանի մասին:
Հաղորդավարը ծաղրել է Իրանի կողմից վերջերս անցկացված զորավարժությունները և Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:
Երգում ասվում է, թե Հայաստանի և Իրանի ղեկավարներն ընկերակցել են և ակնարկներ են անում Բաքվին: Հաղորդավարը հարց է ուղղում՝ ինչու Թեհրանը չի ցանկանում ընկերանալ Ադրբեջանի հետ և ինչու է դեմ արտահայտվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին:
Ավելի վաղ նույն հաղորդավարը երեխաների մասնակցությամբ մեկ այլ ծաղրական երգ էր ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի վերաբերյալ՝ նրան անվանելով հայամետ, իսլամաֆոբ ու թրքաֆոբ:
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԼՈՒՐԵՐԸ
Նոյեմբերի 2-ին Իրանի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, ինչի հետ կախված՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստվում է հարձակման իր դեմ: Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է այդ մեղադրանքները։
«Իրանը հավատարիմ է բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականությանը, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և ձգտում է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում»,- հավատացրել է Նասեր Քանանին։
Միացյալ Նահանգների վարչակազմը, սակայն, պնդում է, որ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման վտանգը պահպանվում է:
«Սաուդյան Արաբիայում ապրում և աշխատում է 70 հազար ամերիկացի։ Վաշինգտոնը կշարունակի աջակցել այդ երկրին և ինքնապաշտպանության միջոցներ տրամադրել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ. կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հեռանկարները։
Աբդոլլահիանը հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է կառուցողական բանակցություններ վարել և ցանկանում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանը շարունակում է կատարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Աբդոլլահիանը հավելել է, որ Վիեննայի բանակցությունների մասնակիցները շարունակում են շփումները՝ չնայած հայտարարություններին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այլևս չի դիտարկում Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։
ԾՈՎԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Է. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերականգնել է իր մասնակցությունը գործարքին։ Հուլուսի Աքարի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում նաև հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Գործարքը վերականգնելու համար Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին. նա նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Վլադիմիր Պուտինն էլ զգուշացրել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դուրս գալ սևծովյան գործարքից, եթե Ուկրաինան խախտի իր տված երաշխիքները և հացահատիկի միջանցքը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու գործիք դարձնի։
ԶԱԷԿ-Ը ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ Է ՌԴ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է ռուսական հարվածների պատճառով՝ հայտնում է «Էներգոատոմ»-ը: Դիզելային գեներատորները կարող են շահագործվել ևս երկու շաբաթ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել է, որ ռուսական կողմը Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչության փորձ է կանխել։ Նա հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության այցից հետո ԱԷԿ-ի վրա հարձակումները չեն դադարել:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ, ԵՐԲ ԿԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ պատերազմը կավարտվի, երբ Ուկրաինան վերադարձնի իր օկուպացված տարածքները, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։
«Կրեմլի հետ բանակցելու իմաստ չկա, քանի որ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն Ռուսաստանի կառավարությունը պարզապես ստում է։ Մեզ ասում են, որ ուզում են դադարեցնել պատերազմը, բայց տասնյակ հրթիռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը նրան հայտնի է. Զելենսկու համոզմամբ՝ հեփփի էնդ չի լինի:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ընտրություններից հետո գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում երկրի ամբողջ տարածքում: Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ Աշխատավորների կուսակցության առաջնորդ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվան ստացել է ընտրողների ձայների 50,9 %-ը, մինչդեռ պահպանողական Բոլսոնարուն՝ 49,1 %-ը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների կարծիքով՝ ընտրության արդյունքները կեղծվել են: Նրանք զինվորականներին կոչ են անում թույլ չտալ Դա Սիլվային՝ գալ իշխանության: