Պետական ռեգիստրի գործակալությունում Ռուսաստանից ժամանած քաղաքացիները իրենց բիզնեսն են գրանցում: Առհասարակ այս տարվա հունվարի 1-ից մինչ հոկտեմբերի 18-ը ներառյալ Հայաստանում գրանցվել է 16495 իրավաբանական անձ, որից 3111-ը օտարերկրացիների կողմից են եղել: Համեմատության համար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 6169 իրավաբանական անձ է գրանցվել, որից 892-ն են եղել օտարերկրացիները: Այս տարի նույն ժամանակահատվածում գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը 20958 է, որից 4294-ը օտարերկրացիներ են եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 14313 անհատ ձեռնարկատեր է գրանցվել, նրանցից 405-ը՝ օտարերկրացիներ:
Լալա Ներսեսյան (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ) - Համեմատած այլ տարիների` անսովոր իրավիճակ է, ավելի շատացել է օտարերկրյա քաղաքացիների, մասնավորապես` Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, ովքեր ինչպես իրավաբանական անձ են գրանցվում, այնպես էլ անհատ ձեռնարկատեր, նաև այլ ոչ առևտրային կազմակերպություններ:
Հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և մի փոքր էլ մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում են նրանք գործունեություն ծավալում՝ նշում է Ներսեսյանը, հավելում` բիզնես բացելու խաղի կանոնները նույնն են բոլորի համար:
Լալա Ներսեսյան - Սկզբնական առևտրային կազմակերպության պետական գրանցման համար որևէ պետական տուրք նախատեսված չէ, դա վերաբերում է նաև օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին: Ե՛վ ՀՀ քաղաքացիների, և՛ օտարերկրացիների համար պետական տուրքերը նույնն են:
Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար արտոնյալ հարկային դաշտ ունի, նշում են մասնագետները: Այս բնագավառում նոր ընկերությունների հիմնումը նպաստում է Հայաստանի համար ռազմավարական համարվող այս ուղղության զարգացմանը.
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Հիմնական գերակշիռ մասը IT ոլորտի կազմակերպություններն են, որտեղ, բնականաբար, արտադրանքը նյութական կրիչ չունի, սակայն հավելյալ արդյունք է ստեղծում, այսինքն` տարբեր ոլորտներում դրանք կիրառական նշանակություն ունեն, և սա նաև կարող է նպաստի Հայաստանի ընդհանուր գիտատեխնիկական արտադրությունների զարգացմանը, այս ոլորտի առաջընթացին, նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացիային:
Եթե այս ամբողջ գործընթացը պետությունն ավելի հեշտացնի բիզնեսի համար, սա հավելյալ հոսքեր կբերի մեր տնտեսություն: Ըստ Կարեն Սարգսյանի` այնքան էլ իրատեսական չեն խոսակցությունները, թե ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո այստեղ հաստատված մասնագետները կհեռանան:
Կարեն Սարգսյան - Բիզնեսի վարման կանոնը հետևյալն է. եթե պայմանները նպաստում են, ապա կապ չունի, թե որ երկրում ես անում, եթե արդեն այդ պայմաններին դու համակերպվել ես, բարենպաստ են քո համար, ապա այլ հավասար պայմաններում այդ բիզնեսը կպահպանվի և նույնիսկ կընդլայնվի:
Սրան զուգահեռ` տարեսկզբից մինչև օրս լուծարվել են 590 իրավաբանական անձ և 4048 անհատ ձեռնարկատեր, ինչը գրեթե համադրելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Ոլորտի պատասխանատուները, սակայն, վստահ են՝ գրանցման այս տեմպը դեռ կպահպանվի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան