3-րդ օրն է` Ազգային ժողովում պետական կառույցները ներկայացնում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները: Այսօր պետական կառավարման 12 մարմնից առաջինը վարչապետի աշխատակազմն է: Արայիկ Հարությունյանը նշեց՝ աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեն նվազել է՝ ավելի քան 21 մլրդ դրամից դառնալով՝ 19 մլրդ 896 մլն: Սա արդեն իսկ ավարտված կամ այլ գերատեսչությանը փոխանցված ծրագրերի հետևանք է, բացի այդ, վարչապետի աշխատակազմը նաև անարդյունավետ ծախսերից է հրաժարվել:
Բյուջեի ավելացումներ են եղել հանրային իրազեկման, տեսչական վերահսկողության ծրագրում, որտեղ, Հարությունյանի պնդմամբ, տեխնիկական ապահովման լուրջ խնդիրներ կան. գումարը դրան կուղղվի: Վարչապետի աշխատակազմում, ինչպես մյուս պետական կառույցներում, ավելացել է աշխատավարձային ֆոնդը՝ բազային աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված: Նախագահի աշխատակազմին մյուս տարի կհատկացվի 1 մլրդ 686 մլն, Ազգային ժողովի աշխատակազմին՝ 6 մլրդ 920 մլն դրամ:
Խորհրդարանի ներկայացրած հայտում 3 ծրագիր մերժվել է՝ Առաջինը ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրն է, երկրորդը ավտոպարկի թարմացումը, երրորդը՝ շենքային պայմանների բարելավումը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը որոշման հետ այդքան էլ համաձայն չէ, նշում է` մտադիր էին 17 էլէկտրամոբիլ գնել:
Վահան Նարիբեկյան (ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար) - ԱԺ ավտոտնտեսությունը ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 մեքենաներից 4-ը արդեն ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների ՕԳԳ ժամկետը սպառված է և հետագա շահագործումը համարվում է ոչ շահավետ:
16 մլրդ 668 մլն դրամ էլ ԲԴԽ-ի հաջորդ տարվա բյուջեն է: Այս կառույցում 2023-ին կբարձրանան աշխատավարձերը, փոխարենը կկրճատվեն պարգևավճարներն ու հավելավճարները: Գումար է հատկացվել նաև վերաքննիչ քրեական և վճռաբեկ դատարաններին:
Նաիրի Գալստյան (Դատական դեպարտամենտի ղեկավար) - Պայմանավորված են դատավորների թվակազմի քանակի և դատավորների օգնականների ավելացմամբ, քանի որ գործերը շատ են, մեր դատավորները ծանրաբեռնված են անմարդկային քանակով, այդ պատճառով նախատեսված է, որ ավելացվելու է, թեկուզ ժամանակավոր օգնականները, բայց ավելացվելու են:
Արդարադատության նախարարության բյուջեն 2023-ին կկազմի 26 մլրդ 35 մլն դրամ: Գերատեսչությունը հաջորդ տարի 8 ծրագիր է իրականացնելու: Կառուցվելու են հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի նոր շենքերը:
Սիրվարդ Գևորգյան (ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար) - Հարկադիր կատարման վարույթի ամբողջական թվայնացումը, ըստ այդմ նաև քաղաքացի-հարկադիր կատարող արդյունավետ հաղորդակցության ապահովման նպատակով հարկադիր կատարմանը 23 թվականին տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով նախատեսվել է 77 մլն դրամ:
Դատախազության հաջորդ տարվա բյուջեն 7 մլրդ 623 մլն դրամ է, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 2 մլրդ 441 մլն, Քննչական կոմիտեինը՝ 11 մլրդ 342 մլն դրամ: Այստեղ հատկացումները ավելացել են, որովհետև նոր հաստիքներ են ստեղծվել, քանի որ նախաքննական բոլոր ստորաբաժանումները մյուս իրավապահ կառույցներից տեղափոխվել են ՔԿ, նաև տրանսպորտային միջոցների ու տեխնիկական վերազինումների անհրաժեշտություն կա: 1.4 մլրդ դրամ մյուս տարի կհատկացվի ՊՎԾ-ին: Այս կառույցում հատկացումները կրկնակի ավելացել են՝ պայմանավորված վարչական շենքի հիմնանորոգմամբ: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՍԴ-ի և ՄԻՊ-ի աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեի նախագծերը: ԿԸՀ-ին հատկացվեց 1 մլրդ 376 մլն դրամ, որից 853 մլն-ը կուղղվի 2023-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելուն: