Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է, երբ Ռուսաստանը վերադարձել է գործարքին։
Աքարի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում նաև հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Գործարքը վերականգնելու համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին: Նա բարձր է գնահատել այն փաստը, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դուրս գալ սևծովյան գործարքից, եթե Ուկրաինան խախտի իր տված երաշխիքները և հացահատիկի միջանցքը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու գործիք դարձնի։