Գերմանիան հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, Թայվանի հարցում ստատուս քվոյի փոփոխություն հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստան այցին ընդառաջ:
«Հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, հարկավոր է ազատ և արդար համաշխարհային առևտուր ապահովել»,- ընդգծել է Շոլցը:
Նրա խոսքով՝ Չինաստանը վերջին 10 տարվա ընթացքում շատ է փոխվել, ուստի պետք է փոխվի նաև Եվրոպայի վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ։ Կանցլերը, այնուհանդերձ, մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիներին Եվրամիության և Չինաստանի հարաբերությունները սրվել են։
«Չինաստանը կարևոր տնտեսական և առևտրային գործընկեր է Գերմանիայի և Եվրոպայի համար: Չենք ցանկանում, որ Պեկինը խզի մեզ հետ հարաբերությունները: Սակայն ի՞նչ է ուզում Չինաստանը»,- հավելել է Շոլցը:
Նա ընդգծել է, որ Չինաստան այցի ընթացքում պատրաստվում է բարձրաձայնել առկա տարաձայնությունները։