Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գործընթացն առանց նախապայմանների է, և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որն ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ՝ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ: Խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նշեց, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է:
«Եվ կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց Միրզոյանը: