Այս պահին պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գիտեք, որ մեր իրանցի գործընկերները Կապանում վերջերս բացեցին գլխավոր հյուպատոսություն: Վաղուց կա ձեռքբերված պայմանավորվածություն, որ մենք էլ Թավրիզում կբացենք»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Ուրուգվային, ապա նախորդ տարի այդ երկրի ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում է այս պայմանավորվածությունը ձեռք բերվել:
Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակներ բացել նաև Կիպրոսում և Սերբիայում:
«ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Աշխարհագրությունից կարող եք ենթադրել, որ Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր որոշման մեջ»,- ասաց Միրզոյանը: