2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2.778 միլիարդ դոլար է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74.1 տոկոսով: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«2022 թվականի հունվար-օգոստոսին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ կազմել է 1.1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ»,- ասաց նախարարը:
Ներմուծումը ևս աճի միտում ունի: Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այս տարի 58.7 տոկոսի աճ է գրանցվել:
«Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով: Արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3 տոկոսով»,- տեղեկացրեց նախարարը:
Բելառուսի հետ առաջին 8 ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 106.7 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4 անգամ: ՀՀ-ից արտահանումն աճել է 2.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.2 անգամ:
«Ղազախստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է 26.6 միլիոն դոլար: Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.9 միլիոն դոլար»,- ասաց Քերոբյանը: