ԱԺ եվրոպական ինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց Հունգարիայի հետ հարաբերություններով, որոնք սառեցվել էին հայտնի դեպքերից հետո:
«Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, նույն ձևով տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր Հայաստանին:
Վերջերս Բուդապեշտում բացվեց հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, այնտեղ ներկա էր նաև Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում ունեցավ Հունգարիայի նախագահի հետ:
Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո: