Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ 728,887.0 հազար դրամ հատկացնելով Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին:
Որոշումը միտված է 2021-2022 թթ. ՀՀ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով հարցը, զեկուցել է, որ խոսքը 9 համայնքի 14 ծրագրի մասին է, որից 9-ը 2022 թվականի ծրագրեր են: Տրամադրվող գումարն առնչվում է 4 մարզի. Արարատի մարզ՝ 30 մլն դրամ, 1 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 164 մլն դրամ, Լոռու մարզ՝ 6 ծրագիր, 179 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 354 մլն դրամ:
Նախարարի խոսքով՝ ծրագրերը հիմնականում կամ ավարտվել են, կամ ավարտական փուլում են: Ընդհանուր առմամբ, նշված որոշումը ներառյալ 361 ծրագրի համար Կառավարությունն արդեն ֆինանսավորել է 10 մլրդ 440 մլն դրամ:
Վարչապետը ներկայացրել է իրականացվող ծրագրերը՝ թվարկելով դրանք. «Արարատի մարզ՝ Սուրենավանի 5 մուտքերի փողոցների վերանորոգում, ասֆալտապատմամբ, ծրագիրն արդեն ավարտվել է:
Արմավիրի մարզ՝ Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում, ծրագիրն ավարտվել է, Քարակերտ բնակավայրի Հ.Թումանյան փողոցի գազիֆիկացում, ծրագիրն ավարտվել է, Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ, ծրագիրն ավարտական փուլում է, Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Երվանդաշատ, Վանանդ համայնքներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները իրար միացնող հատվածի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների, Վանանդ բնակավայրի Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում, ծրագիրն ավարտված է:
Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի մշակույթի կենտրոնին կից տարածքում զբոսայգու հիմնում և փողոցների լուսավորության ցանցի նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացում, ծրագիրն ավարտված է, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների հիմնանորոգում, ծրագիրն ավարտված է: Այսինքն՝ սա նշանակում է, որ Շնողում ինչքան փողոց կա, հիմնանորոգե՞լ ենք: Շնողը մեծ բնակավայր է, այսպիսի դեպքերում տեղեկանքում պետք է կոնկրետ գրել: Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Կողես, Լեջան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ և Բովաձոր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ, ծրագրերն ավարտված են:
Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգի կառուցում, ծրագիրն ավարտված է: Իջևան համայնքի Իջևան, Աչաջուր, Այգեհովիտ բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում: Այստեղ էլ նույն պրոբլեմը կա. պետք է նշել կոնկրետ՝ որ ճանապարհներն ենք հիմնանորոգել և որը՝ ասֆալտապատել: Եվ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի հիմնովին վերանորոգում և սալիկապատում, այս ծրագիրը նույնպես ավարտված է»: