728 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 9 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
2023-ի բյուջեով սուբվենցիոն ծրագրերին մոտ 22 միլիարդ դրամ կհատկացվի՝ գործադիրի նիստին շեշտեց վարչապետը, նկատեց՝ 18-ի համեմատ ֆինանսավորման ծավալը տասնապատկվում է։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մարզերում 4 տարվա ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել, ինչը չափազանց կարևոր է, և այս գործիքը մենք պետք է մաքսիմալ զարգացնենք, բայց նաև, մյուս կողմից, մաքսիմալ արդյունավետ դարձնենք:
22-ի համար 18 միլիարդ է նախատեսված, 10 ամսում 10-ն արդեն օգտագործվել է: Այսօր էլ հերթական հատկացումն արվեց 4 մարզի՝ 9 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրի: Փողոցների ասֆալտապատում, ոռոգման, խմելու ջրի ցանցի, պոմպակայանի, կոյուղու կառուցում, գազիֆիկացում, զբոսայգիների հիմնում, արտաքին լուսավորության անցկացում ու ... ոչ միայն: 728 միլիոնով Արարատում, Արմավիրում, Լոռիում, Տավուշում տարին շինարարական է եղել:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ծրագրերը հիմնականում ավարտվել են կամ ավարտական փուլում են: Այսպիսով՝ այս որոշումն էլ կայանցնելու արդյունքում, մենք կունենանք, որ 361 ծրագրի համար Կառավարությունը ֆինանսավորել է 10 միլիարդ 440 միլիոն դրամ:
Կատարված աշխատանքից խոսելիս վարչապետը նկատեց՝ նորոգված, ասֆալտապատված փողոցները պետք է հստակ նշված լինեն, որ Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ գյուղի պատմությունը չկրկնվի, գործը ՊՎԾ-ին չհասնի:
Նիկոլ Փաշինյան - Մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ որ հրապարակվել է, հետո պարզվել է, որ ոչ թե էդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ էս կողմ մի քիչ այլ փողոց ա հիմնանորոգվել, և խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց էն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ ՊՎԾ պետ) - Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության արդյունքում վերհանված առերևույթ իրավախախտումների փաստերով կասեցվել է ծառայողական քննությունը, և փաստերը փոխանցվել են գլխավոր դատախազություն: ՏԿԵ նախարարության մասով դեռևս սպասում ենք պարզաբանման:
Ֆինանսների նախարարն էլ կաբինետին զգուշացրեց՝ մոտենում են օրենքով սահմանված՝ թույլատրելի չափով վերաբաշխում կատարելու սահմանագծին: Վարչապետը դեմ է օրենք փոխելուն, հանձնարարեց կառավարման որակը բարձրացնել, պլանավորումը ճիշտ կազմակերպել, որ հաջորդ ֆինանսական տարում այդպիսի խնդիրներ չառաջանան:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 66 ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Ու մինչև կկազմեն 23-ի ծախսերի պլանը, հերթական վերաբաշխման նախագիծը նախարար Դումանյանն էր բերել: 62 միլիոն դրամը կուղղվի Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրում կառուցվող նոր մոդուլային կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Այս մոդուլային դպրոցները լինելու են ոչ միայն զուտ դպրոցներ, այլև դրանք պետք է լինեն համայնքային ու մշակութային կենտրոններ:
13-ից 3-ի՝ Վերին Խոտանանի, Դավիթ Բեկի ու Եղվարդի կրթահամալիրների նախագծերը պատրաստ կլինեն այս տարի, մյուսներինը՝ մինչև 23-ի առաջին եռամսյակի ավարտը՝ տեղեկացրեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը:
Բացի այս տիպային դպրոցներից՝ Սյունիքում ևս 53 նոր կրթահամալիր կկառուցվի, դրանց նախագծման աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Վարչապետն էլ բացատրեց՝ կրթահամալիրի գաղափարի մեջ են գտել հեռավոր գյուղերում՝ թերբեռնված աշխատող դպրոցների խնդրի լուծման բանաձևը: Այն կսպասարկի մի համայնքի միանգամից մի քանի բնակավայրի՝ ներառելով և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը: Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ ինչ փուլում են մյուս պայմանավորվածությունները: Այդպիսի դպրոցների համար պետք է նոր տրանսպորտային միջոցներ էլ գնվեն՝ երեխաների գնալ-գալը ապահովվի, ընդուպ մինչև վարորդին ներկայացված պահանջներն են սահմանվել: Հարցրեց՝ ով է զբաղվում, ով է տեղյակ, կաբինետից միայն Սանոսյանն արձագանքեց:
Գնել Սանոսյան - Աշխատանքային խումբ է աշխատում, երևի, ուղղակի մեքենաների ձեռքբերում, բան. դեռ այդքան գրաֆիկով մոտիկ չի:
Նիկոլ Փաշինյան - Ես չեմ ուզում, որ հետո մենք գանք-ասենք, որ եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետև 5 տարի առաջա որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարենք, որովհետև գնումների մասին օրենսդրությունը լավը չի: Ես էսօրվանից եմ ասում՝ տեսեք, հետո չգաք-ասեք՝ վայ, ժամանակ չկա, 3 օր ա մնացել, պետք է մեկ անձից գնում անել:
Մինչև 26 թվականը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ունենալու գաղափարը պետական ծրագիր է՝ շեշտեց Փաշինյանը, փոխվարչապետ Մաթևոսյանին հանձնարարեց նիստին անպատասխան մնացած հարցերը ճշտել, զեկուցել:
Այս նախագծով գումար կհատկացվի նաև Արարատում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցի և Արմավիրում՝ Արգինայի մոդուլային շենքի կառուցման ավարտի, նաև Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար:
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ
Զեկուցվող մյուս հարցով էլ 8 միլիոն կհատկացվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ վթարային վիճակում գտնվող պատերից մեկի նորոգման և ամրակայման նպատակով: Գրեթե 3 միլիոն էլ կուղղվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման համար փաստաթղթեր մշակելու, փորձաքննություն անելու համար:
Վահրամ Դումանյան - Վերջին մի քանի երկրաշարժից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր: Առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա:
Նախագիծն օրակարգ է բերվել վարչապետի՝ ամիսներ առաջ տված հանձնարարականից հետո՝ նշեց Դումանյանը: Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ Բջնիի ամրոցի հարցով ի՞նչ է արվել. շրջակա հողերի բարձր ծառերի պատճառով պարիսպների տեսանելիության խնդիր կա: Նախարարը զեկուցեց՝ բանակցում են հողօգտագործողների հետ, զուգահեռ շրջանառում գերակա շահ ճանաչելու նախագիծ, եթե ընդհանուր հայտարարի չգան: Ոչնչացման եզրին գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների պահպանության համար վարչապետը հրավիրեց նաև բարերարների ուշադրությունը, ասաց՝ պատրաստ են գործակցել ցանկացողների հետ:
Նիկոլ Փաշինյան - Կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել՝ առաջընթաց ունենալու առումով:
Շատ վայրերում խնդիրը հրատապ է՝ շեշտեց վարչապետը, ասաց՝ պետք է ամբողջական գույքագրել պահպանման ու վերականգնման ենթակա մշակութային ժառանագությունը, մշակել ռազմավարություն, որը նաև տնտեսական կարևոր բաղադրիչ է: