Հայաստանի հյուրերը կարծես տնավորվում-հիմնավորվում են այստեղ։ Երկրում գտնվող արտասահմանցիները ապրելու համար վարձած, ժամանակավոր կացարաններից բացի նաև որպես սեփականություն են բնակարան ձեռք բերում՝ արձանագրել է Կադաստրի վերլուծությունը։ Կոմիտեի մասնագետները դիտարկել են անշարժ գույքի շուկայում հունվարից սեպտեմբեր կնքված գործարքները և պարզել:
Աննա Նազարյան (ՀՀ կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ) - Օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 1418 անշարժ գույք, որը կազմում է ընդհանուրի 3,6 տոկոսը, ինչը, կարծում եմ, ոչ այդքան մեծ քանակ է:
Ընդհանուր՝ երկրում 9 ամսում գրանցված 39907 առուվաճառքի գործարքների մեջ արտասահմանցիների բաժինը՝ 3,6%, մեծ չէ։ Այդուհանդերձ, ցուցանիշի նկատելի՝ 31,1 տոկոս աճ կա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Օտարերկրացիներն այստեղ հիմնականում բազմաբնակարան շենքերում են տուն գնել, բայց քիչ չեն նաև առանձնատան և հողամասի տեր դարձածները։ Ոչ ռեզիդենտների մոտ 2/3-ը սեփական անշարժ գույքն ընտրել է Երևանում։ Մարզերից արտասահմանցիներն ամենաշատը Կոտայքում ու Շիրակում են տուն առել։
Արդյոք վարձով բնակարանների կտրուկ թանկացո՞ւմն է պատճառը, որ Հայաստան այցելող մարդիկ նախընտրում են ֆինանսական խոշոր ծախս կատարել ու այստեղ ապրել իրենց իսկ տանը, թե՞ կարճ ժամանակով եկել էին, հասկացան, որ ավելի երկար են ստիպված լինելու մնալ՝ կադաստրում ասել չեն կարող։ Բազան թույլ է տալիս գործարք կնքածների ազգանունով հստակեցնել՝ ո՞ր մասն են հետ՝ հայրենիք վերադարձող դրսի հայերը։ Այդ տվյալը, սակայն, անձնական է, հրապարակման ոչ ենթակա՝ փաստում են շուկայի վերլուծության բաժնում։ Ներկայացնում երկրների ցանկը, որի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել։
Այստեղ, ըստ Աննա Նազարյանի՝ իսկական աշխարհագրական խճանկար է՝ Դանիայից Հորդանան, Իսրայելից Սերբիա, անգամ ամերիկյան Վիրջինիա նահանգի քաղաքացի է այս տարի Հայաստանում տուն գնել։