Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը` անգամներով բարելավելով իր իրավիճակը: Այս թեմային անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, խորհրդավոր ժպտում էին և քմծիծաղ տալիս, որովհետև նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և առաջընթաց է ապրել ընդամենն այն պատճառով, որ իրականում շատ երկրների ցուցանիշները քովիդի համավարակի կառավարման վատ պայմաններում ուղղակի գահավիժել են: Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել քովիդի համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը և միջավայրը կամ փլուզվել են, կամ գահավիժել:
Սա նշանակում է, որ մենք քովիդի համավարակն այնքան լավ ենք կառավարել, որ, ի տարբերություն շատ զարգացած երկրների, մեր արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման կամ կառավարման առումով»,- ասաց Փաշինյանը: